Արցախում Պուտինի նկարն էին բացում, գրում էին՝ «Спасибо, Россия», տեսանք՝ խաղաղապահների անգործությունը. Սիմոնյան
«Դուք հիմա սպասում եք, որ ԱԺ նախագահը պետք է մեղադրանք հնչեցնի հարևան պետության ուղղությա՞մբ։ Չեմ հնչեցնելու նման հայտարարություն։ Իրականությունը Հայաստանի հանրությունը, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շատ լավ գիտի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք ռուսական կողմը հրահրել է պատերազմ Հայաստանի դեմ։
Նա նաև նշեց. «Այն հուսահատությունը, հուսախաբությունը, որը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում... Հիշում եք Z տառն էին գրում, Պուտինի նկարն էին բացում, գրում էին՝ «Спасибо, Россия», այդ ամեն ինչը մեկ օրում փոխվեց և տեսանք, որ ռուս խաղաղապահներն անգործությամբ թույլ տվեցին և դուրս ուղեկցեցին հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղից»։
Ա.Սիմոնյանն ասաց, որ Հայաստանը ՌԴ հետ ունի դաշնակցային պայմանագիր, այս պահի դրությամբ ՌԴ-ն դաշնակցային պետություն է, աշխատում են այն ուղղությամբ, որ այդ դաշնակիցն իր պարտավորություններն ինչ-որ պահի սկսի իրականացնել։
ԱԺ նախագահն ասաց, թե Հայաստանն իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ կփոխի, երբ այդ կառույցը կհայտարարի, որ ադրբեջանական զինուժը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, այսինքն ՀԱՊԿ տարածքում և ու պահանջում են այդ զինուժը դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքը:
«ՀԱՊԿ-ը չի աշխատում, եթե ՀԱՊԿ-ն իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն չի աշխատում», - ասաց Ալեն Սիմոնյանը
Հարցին՝ Հայաստանում ՌԴ դեսպանի հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև զենքի գործարքի շուրջ նոր բանակցություններ են սկսվել, ի՞նչ կարող է ասել դրա մասին, նա պատասխանեց. «Չեմ բացառում: Համ զենքի մասին եք հարցնում, համ ասում եք՝ նոր է եղել, համ ուզում եք, որ սենց ձեզ սաղ պատմեմ: Դա ընդհանուր քննարկում է, որի մեջ բոլոր չակերտավոր խնդիրները կարող են ներառված լինել: Սպասեք, տեսնենք ինչ է:
Ես վստահ էլ չեմ, որ մենք մինչև վերջ կարող ենք ասել, որ կունենանք այն, ինչ կբանակցենք: Կապրենք, կտեսնենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Հայաստանում հակառուսական ֆոնին ռազմատեխնիկական համաձայնագրեր են քննարկվում, ԱԺ նախագահն ասաց. «Ո՞ւմ մոտ է հակառուսական ֆոն: Հակառուսականություն բառը սխալ է ասված, որովհետև հայ և ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են: Հայաստանում հակառուսական բան չկա, կա հակակրանք այն քաղաքականության, քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիներին իրականացվել են: Եկեք դա չվերածենք հակառուսական ֆոնին»:
Ալեն Սիմոնյանը նաև չբացառեց, որ հաջորդ տարի Հայաստանը կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը. «Այդ համագործակցության շնորհիվ նաև մեր տնտեսությունն աճ է ապահովում։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում կկայացնի կառավարությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա. ՌԴ դեսպան
- Քննարկվում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր. ՀՀ-ում ՌԴ դեսպան