«Ժողովուրդ». Արթուր Ջավադյանը ոչ միայն անշարժ գույքի քանակով է փայլում, այլ նաև վարած մեքենայով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հունիսի 16-ին՝ վարչապետի որոշմամբ։ Ջավադյանը 2022 թվականի հայտարարատու տարում ձեռք է բերել 6 անշարժ գույք, իսկ տարեվերջին անշարժ գույքերի ընդհանուր թիվը կազմել է 14՝ 4 անհատական բնակելի տուն, 7 հողամաս, 1 ավտոտնակ և 1 ավտոկայանատեղի, 1 ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում։
Անշարժ գույքի մի մասը հենց Ջավադյանն է գնել, իսկ մյուս մասը կա՛մ նվիրատվություն է, կա՛մ ժառանգություն, որ ստացել է հենց 2022 թվականին։ Ջավադյանը ոչ միայն անշարժ գույքի քանակով է փայլում, այլ նաև վարած մեքենայով։ Նա 2020 թվականին գնել է 2019 թվականի արտադրության, Mercedes Benz մակնիշի մեքենա։ Հավելենք, որ ոչ բոլոր պաշտոնյաները կարող են իրենց թույլ տալ նման հաճույք՝ վարել նոր մեքենա։ Ջավադյանը ժառանգություն է ստացել նաև գումարի տեսքով՝ 63 մլն 900 հազար դրամ, որը ստացել է Յուրի Լևոնի Ջավադյանից։ Նա ստացել է ևս 2 մլն 162 հազար դրամ, սակայն ինչ աղբյուրից՝ հայտնի չէ։ Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 45 մլն դրամ։ ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպանի բանկային ավանդները կազմել են 112 հազար եվրո և 698 հազար ԱՄՆ դոլար։
Տվյալ տարվա սկզբում առկա չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 1 գույք է հայտարարագրել Ջավադյանը. հուշադրամը հանձնվել է դեսպանին, արժեքը 24 մլն դրամ է եղել։
ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Ջավադյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 657 հազար դրամ, 11 հազար եվրո։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 հազար ԱՄՆ դոլար, 6 մլն 500 հազար դրամ, 19 հազար եվրո։ Ջավադյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 295 մլն 248 հազար դրամ։
Ջավադյանը, ըստ հայտարարատու տարվա եկամուտների աղբյուրների, աշխատանքի վարձատրություն ստացել է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» կազմակերպությունից, ՀՀ ԱԳՆ-ից, «Այդի բանկ» և «ՎՏԲ- Հայաստան» բանկերից՝ համապատասխանաբար ստանալով 24 մլն դրամ, 5 մլն 894 հազար դրամ, 28 մլն 897 հազար դրամ և 9 մլն 712 հազար դրամ։ Ծախսերի բաժնում Ջավադյանը նշել է, որ հագուստի և ճանապարհածախսի համար ծախսել է 42 հազար եվրո, 2 մլն 554 հազար դրամ, 5 700 դոլար։
Վարկերի մարմանն ուղղել է 47 մլն 372 հազար դրամ։ Անշարժ գույքի վերանորոգման համար ծախսվել է 21 մլն 688 հազար դրամ։ Ջավադյանի՝ արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերը կազմել են 133 մլն 247 հազար ՀՀ դրամ։
Հավելենք նաև, որ Ջավադյանը միջազգային և արտաքին հարաբերությունների վերաբերյալ ոչ մի կրթություն չունի, սակայն այս պաշտոնում է և իշխանության սիրելին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: