Քամին Վրաստանից է փչում, վարչության պետն ասում է՝ դուք ո՞վ եք, որ Վրաստանի չափ ձուկ պահեք. Արմեն Կարապետյան
Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Արարատյան դաշտի խորքային ջրերից օգտվող ձկնաբույծները։ Նրանք պահանջում են հանդիպում Շրջակա միջավայրի նախարարի վերադասների՝ վարչապետի, փոխվարչապետերի, աշխատակազմի ղեկավարի հետ։ Ձկնաբույծներին ընդունել էր Վարչապետի աշխատակազմի նամակների բաժնի պետը և պայմանավորվածություն էր ձեռք բերվել հետագա հանդիպման վերաբերյալ։ Ընթացիկ տարում ընդունված օրենսդրական փոփոխությամբ ձկնաբույծներին պարտադրվում է 40%-ով կրճատել խորքային հորերից օգտագործվող ջրի քանակը։ Օրենքի կարգավորումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ խախտումների համար մինչև 3 մլն դրամ տույժ է նախատեսվում։ Ակցիայի մասնակիցների պահանջները ներկայացրեց ձկնաբույծ Արմեն Կարապետյանը։
«Կարծես մեզ անընդհատ ուզում են հակադրեն ժողովրդին՝ ասելով, թե խմելու ջրի վրա այսքան լիտր է գնում, իսկ ձկնաբույծներն օգտագործում են ավելի շատ։ Ժողովուրդ ջան, ասեմ, որ ձկնաբույծները խմելու ջրից չեն օգտվում՝ ոչ մի լիտր։
Ձկնաբույծներից համառորեն պահանջում են 40%-ով կրճատել, ես չեմ հասկանում այդ երևույթը
Նշանակում է մի տեղից այս քամին փչել է, մենք էլ չենք հասկանում, թե որտեղից։ Ինձ թվում է Վրաստանից է, որովհետև վարչության պետն ասում է՝ դուք ով եք, որ Վրաստանի չափ ձուկ պահեք։ Վրաստանի շահերն է ներկայացնում մեր նախարարության վարչության պետը։
Մենք առաջարկել ենք, որ օրենքը ուժի մեջ մտնի հունվարի 1-ից ավելի ուշ, մինչև քննարկումներ լինեն, տեսնենք տիրազուրկ հորերի փակման համար գումար որտեղից են ճարում»,-հայտարարեց Արմեն Կարապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին