«Հայոց պատմության» դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական, հոգևոր կյանքի պատմական կարևորագույն դեպքերը
Դեկտեմբերի 21-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հայրենական կյանքի կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, քննարկմանը մասնակցել են Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի հոգևորական և աշխարհական անդամները, կրթական հաստատությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ճանաչված մտավորականներ ու մասնագետներ։ Քննարկվել են հանրակրթության բնագավառում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած փոփոխություններին առնչվող հարցեր։ Մասնակիցները վերահաստատել են հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ արտահայտած վերապահումները, մասնավոր անդրադարձել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքին։
Արձանագրվել է, որ դպրոցական հիշյալ ձեռնարկում տեղ են գտել հայեցակարգային, մեթոդաբանական, գիտական, այդ թվում եկեղեցագիտական և կարևորագույն այլ բնույթի կոպտագույն սխալներ ու բացթողումներ։ Խոր մտահոգությամբ արձանագրվել է, որ դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական ու հոգևոր կյանքի պատմական կարևորագույն իրադարձությունները, կերպարներն ու խորհրդանիշերը։
Ելնելով արտահայտված վերապահումներից՝ քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ աղճատված և սխալաշատ այս դասագրքի ուսուցմամբ խաթարվելու է սերունդների ազգային դաստիարակության ու կրթության կարևորագույն առաքելությունը։
Անհրաժեշտ է համարվել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից և ձեռնամուխ լինի նոր դասագրքի ստեղծմանը՝ այդ գործընթացում ներգրավելով պատմաբանների, եկեղեցականների և գիտակրթական հաստատությունների ու մասնագիտական հանրույթի պատասխանատու ներկայացուցիչների։
Կարևորվել է, որ կրթական ոլորտի՝ մասնավորաբար հայագիտության խնդիրների վերաբերյալ պարբերաբար կազմակերպվեն նմանօրինակ քննարկումներ՝ ներդրում բերելու համար հիշյալ բնագավառի հիմնախնդիրների կարգավորմանը և որակյալ կրթության ապահովմանը։
Քննարկումն ավարտվել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մասնակիցներին ուղղված գնահատանքի և օրհնության խոսքով։
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը
- Նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում. ԳԱԱ Միջին դարերի պատմության բաժինը՝ «Հայոց պատմություն» դասագրքի մասին
- Պատմաբանները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակի ու նախարարի ներկայությամբ մատնանշել են գրքում առկա անճշտությունները
- Լուրեր են հասնում՝ փորձում են վարչական ռեսուրս կիրառել ու սաստել «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ քննադատական մոտեցումները. Պետրոսյան
- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը
- Միքայել Բադալյան. 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» գրքում սխալներն ու վրիպակները համատարած են
- Ուրարտագետը դիմել է 7-դ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակին
- Պ.գ.թ Արման Մալոյանը ներկայացրել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում եղած վրիպումներն ու սխալները