Մեզ համար ցավալի է հատկապես խորանի սպասքի կորուստը. Սոդերթելիեի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ
Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագները, ժամերգությունները և բոլոր արարողությունները շարունակվելու են բնականոն կերպով։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սոդերթելիեի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին շվեդական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայկական Սուրբ Մարիամ եկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ հոգևոր արժեք։
Տեր Վաղարշը մեզ հետ զրույցում մանրամասներ հայտնեց. «Եկեղեցի են մուտք գործել գիշերային ժամերին, գողացվել է եկեղեցու խորանի սպասքը և որոշ գույք եկեղեցական համալիրից և թափթփվել են եկեղեցու սենյակները։ Մեզ համար ցավալի է հատկապես խորանի սպասքի կորուստը, բայց վստահ ենք, որ մեր համայնքի հավատացյալների ազնիվ օժանդակությամբ կկարողանանք նորից ապահովել անհրաժեշտը, արդեն իսկ ունենք անհրաժեշտ պարագաները եկեղեցական արարողությունները շարունակելու համար։ Սուրբ Պատարագները, ժամերգությունները և բոլոր արարողությունները շարունակվելու են բնականոն կերպով։ Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք պահպանել խաղաղությունը Աստվածային օրհնությամբ»։
Տեր Վաղարշը նշեց, որ խնդրի առնչությամբ տեղում աշխատել են ոստիկանները։
«Մենք վարկածներ չենք ավելացնում կամ բացառում` հարցը թողնելով իրավապահ համակարգի բացահայտմանը»,- ասաց Սոդերթելիեի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը։
Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը նշեց, որ առաջիկա կիրակի մատուցվելու է Սուրբ Պատարագ, պատրաստում են Նոր տարվա ու Սուրբծննդյան տոներին։