Կամավոր ատեստավորումը չհաղթահարած 200 ուսուցիչների աշխատանքային պայմանագրերը չեն լուծարվել
Ուսուցչի մասնագիտական զարգացման ու վարձատրության փոխկապակցված մեխանիզմների ներդրման ծրագրի շրջանակում այս տարի ևս շարունակվել է կամավոր ատեստավորման գործընթացը, որին 2023 թվականին ավելի քան 4 հազար ուսուցիչներ են մասնակցել: Ասուլիսում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Նա նշել է, որ 1018 ուսուցիչ ցուցաբերել է 70-79 տոկոս արդյունք, 714-ը՝ 80-89 տոկոս, 246-ը՝ 90-100 տոկոս արդյունք: 998 ուսուցիչ համարվում է ատեստավորված և ունի դրույքաչափի փոփոխություն: Կամավոր ատեստավորման երեք տարվա վերլուծության արդյունքում /առանց կրկնակի մասնակցության/՝ 70-100 տոկոս արդյունք է ցուցաբերել և համապատասխան տոկոսով հավելավճար է ստանում 2697 ուսուցիչ, իսկ 1133 ուսուցիչ ունի դրույքաչափի փոփոխություն:
2021-2023 թթ. կամավոր ատեստավորման արդյունքում հայտ է ներկայացրել 11575 ուսուցիչ/անձ, գործընթացին մասնակցել է 7618 ուսուցիչ, 70-79 տոկոս արդյունք է ցուցաբերել 1705-ը, 80-89 տոկոս՝ 1284-ը, 90-100 տոկոս՝ 560-ը, իսկ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերել է 1630 ուսուցիչ: Վերջին խմբի ուսուցիչները դրույքաչափի փոփոխություն են ունեցել. աշխատավարձը սահմանվել է 200 հազար դրամ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, շուրջ 200 ուսուցիչների աշխատանքային պայմանագրերը պետք է լուծարվեին, քանի որ կամավոր ատեստավորմանը բավարար արդյունք ցույց չտալուց նրանք հետո երկու անգամ չեն մասնակցել վերաատեստավորման գործընթացին: Այդուհանդերձ, իրավական ակտերի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո որոշում է կայացվել նրանց երրորդ անգամ վերաատեստավորմանը մասնակցելու հնարավորություն ընձեռել:
«Նրանք կշարունակեն դասավանդել, բայց նրանց առջև ևս մեկ անգամ ատեստավորվելու պահանջ կդրվի: Սա մեզ համար մեխանիկական գործընթաց չէ. ցանկանում ենք նպաստել, որպեսզի ուսուցիչն աշխատի իր կարողությունների զարգացման ուղղությամբ, և ատեստավորման միջոցով ունենանք հավաստի փաստեր առ այն, որ նա տիրապետում է իր դասավանդած առարկայի գիտելիքների առնվազն 60%-ին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Ուսուցիչների կարողությունների զարգացման համատեքստում Արաքսիա Սվաջյանը նաև նշել է, որ վերանայվել են ուսուցիչների՝ 5 տարին մեկ անցկացվող պարտադիր հերթական ատեստավորման գործընթացի սկզբունքները. այսուհետ այն իրականացվելու է ուսուցչի՝ մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա: Հաշվի է առնվելու ուսուցչի աշխատանքային փորձը, կիրառվելու են գնահատման տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ ինքնագնահատում: Ըստ այդմ՝ իրականացվելու է 4 տեսակի վերապատրաստում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Շատ ճիշտ մոտեցում է, որ աշխատավարձերի բարձրացումը կապում ենք կամավոր ատեստավորման գործընթացի հետ
- Ուսուցիչներով 2 տարի բոլոր կառույցներին դիմում ենք, խնդրում, իրենք մեզ ուղղակի չեն լսում. Շողեր Բաբայան
- Կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ
- Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող անձանց ցուցակները
- Դուք ի՞նչ իրավունք ունեք ինձանից այդ ամբողջը պահանջելու. Շողեր Բաբայան
- Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան