Կատաղությունն ունի գրեթե 100% մահաբերություն
Չնայած 1885 թվականից կատաղության դեմ պատվաստանյութի առկայությանը, այսօր էլ ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում, առավելապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
Վերջին շրջանում Հայաստանում շների հարձակումների դեպքերը բավականին հաճախադեպ են, իսկ վերջերս արձանագրված երիտասարդ կնոջ մահը, որի համար պատճառ էր հանդիսացել ամիսներ առաջ շան կծելու միջադեպը, հիմք հանդիսացավ մեկ անգամ ևս անդրադառնալու կատաղություն հիվանդությանը, դրա կլինիկային և նման դեպքերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններին:
Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից նշում են, որ հիվանդությունն ունի 100% մահաբերություն: Այն ընթանում է սուր նյարդաբանական ախտանիշների համակցությամբ՝ գերակտիվության դրսևորմամբ կամ կաթվածահարման ախտանիշների համակցությամբ, բնորոշ է՝ ջրավախություն, լուսավախություն, զարգանում է շնչառական անբավարարություն, կոմա և մահ:
Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և շտեմարան են գիշատիչ կենդանիները` չղջիկները, առնետները, գայլերը, աղվեսները, նաև ընտանի կենդանիները` շները, կատուները և այլն:
Վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում հիվանդ կենդանու հետ անմիջական շփման միջոցով (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու, նաև վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում և այլն): Հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10-ից 90 օր է, հազվադեպ` մինչև 1 տարի, և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, պարանոցը, ձեռքի մատները, սեռական օրգանները կծելիս այդ տևողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար) և այլ գործոններով, ինչպիսք են` տուժածի տարիքը, կծող կենդանու տեսակը, վերքի մեծությունը և խորությունը, վերքի մեջ ներթափանցած հարուցիչի քանակը:
Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները բուժառուի կյանքը փրկելու միակ յուրահատուկ միջոցն են:
Կատաղության դեմ պատվաստանյութը կանխում է հիվանդության զարգացումը 96-98%-ով: Սակայն, պատվաստումը նվազ արդյունավետ է, եթե ներարկումները սկսել են իրականացնել կծելու պահից 14 օր և ավելի անց: Հակամարմինները ի հայտ են գալիս պատվաստումները սկսելուց հետո 2 շաբաթ անց՝ հասնելով առավելագույնի 30-40 օր հետո:
Կանխարգելիչ գործողություններն են՝
. պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը
. չգնել և չխնամել շներ առանց անասնաբույժի տեղեկանքի` կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ
. կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծվածքի դեպքում անհրաժեշտ է կատարել կծած հատվածի առաջնային մշակում օճառաջրով, այնուհետև՝ յոդի սպիրտային խիտ լուծույթով և անհապաղ դիմել բժշկի /ոչ ուշ քան 72 ժամվա ընթացքում/
. հնարավորության դեպքում հսկողության տակ պահել կծող կենդանուն՝ 7-10 օրվա ընթացքում
Հարակից հրապարակումներ`
- Շան կծելու հետևանքով կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջկան շունը կծել է երկու ամիս առաջ
- Շան կծելու հետևանքով երիտասարդ աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
- Վիճակագրությունը մտահոգիչ է. շների հարձակվելու և կծելու դեպքերը Հայաստանում շատացել են
- Կատաղություն հիվանդության մասին իրազեկվում են դպրոցները. Կծելու դեպքերի մասին զանգահարել 118
- Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք
- Միայն հունիսին Մուրացան է տեղափոխվել շան կծելու հետևաքով տուժած 32 երեխա
- ԱՆ-ն կատաղության հիվանդության կանխարգելման խորհուրդներ է ներկայացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին