Երեք անգամ համաձայնության եկան, բայց գիշերն ինչ կատարվեց՝ չիմացանք.Նորատուսի վարչական ղեկավար
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում 3 օր է լարված իրավիճակ էր։ Ջրային պարեկների և ձնկորսների միջև բախումներ էին եղել, ինչի հետևանքով 26 հոգի ձերբակալվել են։ Տեղի ունեցած միջադեպի հետևանքով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Լարվածությունը գյուղում չի թուլանում, գյուղացիները սպասում են, որ ձերբակալվածներին ազատ կարձակեն։ Panorama.am-ը Նորատուսի վարչական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանից պարզեց, թե ինչու են գյուղացիները գնացել նման ծայրահեղ քայլերի, ինչպիսին է նրանց սոցիալական վիճակը և արդյոք խնդրի հանգուցալուծում է գտնվել։
Ա. Գրիգորյան-Գյուղացիները, բնականաբար, հասկանում են, որ արգելք կա, այնպես չէ, որ ասում են՝ չե, մենք պետք է գնանք լիճ։ Մյուս կողմից էլ այն իրենց եկամտի միակ աղբյուրն է։ Ձկնորսները շատ լավ հասկանում են արգելքը, ուղղակի տարաձայնություններ են առաջանում։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվում, առավոտ այն խախտվում է, թե ով է մեղավոր՝ ոչ մեկը չի կարողանում այն իմանա։
Պայմանավորվում են որ 1-2 օր թողեն, դրանից հետո նոր ձկան ցանցերը դուրս բերեն լճից, բայց առավոտ ուրիշ բան է դուրս գալիս, ժողովուդն էլ կատաղում է, իրենց նեղ վիճակից։ Ձկնորսությունը գյուղացիների ապրուսի միակ միջոցն է, բոլորը սոցիալական խնդիրներ ունեն։
Panorama.am-Պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների, պատասխանատուների հետ հանդիպումներ եղե՞լ են, ո՛րն է ժողովրդի պահանջը։
Ա. Գրիգորյան-Ձկնորսները հանդիպել են մարզպետին, Շրջակա միջավայրի նախարարին, փոխոստիկանապետին։ Ժողովրդի հիմնական պահանջն այն է, որ թույլ տան մինչև դեկտեմբերի 25-ը նոր լճից դուրս բերեն իրենց ձկնորսական ցանցերը և դրանից հետո մինչև հունվարի 15-20 չմտնեն լիճ։ Ըստ ձկնորսների՝ կառավարությունն ընդառաջեց նրանց, բայց հետո չհասկացանք, թե ինչ կատարվեց։
Մեր մշակույթի պալատում է հանդիպում եղել։ Մարզպետն էր եկել, փոխմարզպետը, վարչության պետերը, փոխոստիկանապետը, երեք անգամ համաձայնության եկան, պայմանավորվեցին, բայց գիշերը ժամը 2-3-ին ինչ է կատարվում, արդեն չեմ կարող ասել։
26 գյուղացի կալանավորված են, նրանցից երևի միայն 5-6 հոգին ձկնորս լինեին կամ չլինեին։ Երեկվա դրությամբ ձկնորսները հիմնականում իրենց ցանցերը հանել են, քիչ մասն է մնացել, որն էլ այսօր են հանում։ Մի ժամվա ընթացքում կավարտեն։