«Ժողովուրդ». Պետք է փրկել ֆուտբոլն ու նրան վերադարձնել նախկին փառքը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դեկտեմբերի 23-ին սպասվում է ՀՖՖ նախագահի ընտրությունը. ըստ էութան, սա ընտրություն անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանզի իշխանությունների «այո»-ն ստացած Արմեն Մելիքբեկյանը կվերընտրվի, ու կշարունակվի հայկական ֆուտբոլի գործող ողբալի վիճակը, մինչև նա կհեռացվի այդ պաշտոնից: Հատկանշական է, որ Մելիքբեկյանին դեմ են արտահայտվել հայկական թոփ երկու առաջատար ակումբները, 4 ակումբների ֆանատական շարժումները («Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ Արմենիա» և «Շիրակ»): Ազգային հավաքականի ֆան ակումբներից ամենամեծը (FAF) երեկ, ըստ էութան, քննադատեց Մելիքբեկյանին ու հայտարարեց, որ չի սատարում նրան:
«Ուրարտու» և «Փյունիկ» ակումբները միասին պահում են ամենամեծ երկու ակադեմիաները և ֆուտբոլի հիմնական դարբնոցն են. այս ակումբների սեփականատերերն ամեն ամիս իրենց գրպաններից ծախսում են հարյուր հազարավոր դոլարներ, ու եթե հեռանան, ապա շուրջ 3000 երեխա կզրկվի մարզվելու հնարավորությունից, այդ թվում՝ մարզադաշտերից: ՀՖՖ ներկա ղեկավարին չի սատարում Հայաստանի հավաքականի նախկին խաղացողների մեծագույն մասը, իսկ ով էլ չեզոք է, ըստ հիմնավոր տեղեկությունների, որոշակի հետաքրքրություն ունի այս ֆեդերացիայից: Արմեն Մելիքբեկյանին շաբաթ օրը կընտրեն ՀՖՖ անդամ այն ՀԿ-ները, որոնց ֆեդերացիա են բերել հենց իրենք, ու որոնք ֆինանսապես կախված են իրենցից: Նման ՀԿ-ներն ունեն հավասար մեկ ձայն, ինչպես ոլորտում իրոք եղանակ ստեղծող խոշոր ակումբները, ինչն անտրամաբանական է:
Ավելին՝ Մելիքբեկյանին սատարում են այնպիսի ֆուտբոլային ակումբներ, որոնք կա՛մ ակտիվ գործունեություն չեն ծավալում, կա՛մ մեղադրվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու համար: Մեր տեղեկություններով՝ Մելիքբեկյանի ընտրվելու դեպքում Բարձրագույն խմբի մի քանի ակումբներ պատրաստվում են դուրս գալ առաջնությունից, իսկ ֆանատական շարժումներն ու ակադեմիաներում մարզվող ծնողներն արդեն խմբեր են ձևավորել ու պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության դիմաց, քանզի վստահ են, որ Արմեն Մելիքբեկյանի ամենաթողությունը գալիս է հենց վարչապետից: Ոլորտի մասնագետները պնդում են, որ նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանին լեգիտիմ նախագահ անվանել չի կարելի, ու որ այս ամենը ծաղր է հայկական ֆուտբոլի ապագայի նկատմամբ, իսկ երկրի բարձրագույն ղեկավարությունը լուռ է:
Հ.Գ. Երեկ Ստեփանակերտի մարզադաշտում Իլհամ Ալիևն առաջին հարվածը կատարեց գնդակին, ու բռնազավթված Արցախում կայացավ այդ երկրի ֆուտբոլային հանդիպումը: Նման իրավիճակում Հայաստանում գոնե պետք է փրկել ֆուտբոլն ու նրան վերադարձնել նախկին փառքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: