«Պատմություն» առարկայի քննությունն այլ ձևաչափով է անցկացվելու. ԿԳՄՍ փոխնախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հանրակրթական դպրոցի ընթացիկ և ամփոփիչ գնահատման, ընդունելության քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման հիմնահարցերը և զարգացման ուղիները» թեմայով ամենամյա խորհրդաժողովին, որն անցկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, խորհրդաժողովին մասնակցել են հանրակրթական դպրոցների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ:
Մինչ խորհրդաժողովի մեկնարկը, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հակիրճ ներկայացրել է ԳԹԿ գործունեությունը սկսած օգոստոս ամսից՝ թվային տվյալներով: Ըստ այդմ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին անցկացվել է ուսուցչի կամավոր ատեստավորումը, որին առաջին անգամ մասնակցել են հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Հայտագրվել են 6321 ուսուցիչ, ատեստավորմանը մասնակցել է 4326-ը, այսինքն՝ հայտագրված ուսուցիչների 68,4 %-ը: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվել են ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքները:
Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ԳԹԿ-ն որոշիչ դեր ունի մի շարք գործընթացներում, և եթե նախկինում վերջինիս գործունեությունը առնչվում էր միայն սովորողների գիտելիքների ստուգմանը, ապա այժմ ներառում է նաև մանկավարժների մասնագիտական կարողությունների ստուգման գործընթացը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հակիրճ անդրադարձել է այն ուղղություններին, որոնց համակարգումը տրված է Գնահատման և թեստավորման կենտրոնին:
Փոխնախարարը կարևորել է 12-րդ դասարանցիներին 2 անգամ ավարտական քննություն տալու հնարավորությունը և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին ավելի մեծ թվով սովորողներ կմասնակցեն առաջին քննությանը՝ ապահովելով համաչափ բաշխումը:
Փոխնախարարն անդրադարձել է Տավուշում հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ դասարաններին, որտեղ արդեն իսկ կրթական բոլոր մակարդակներում ավարտողներ կան. «Նոր մոտեցումներ ենք մշակել այդ դասարանների քննությունների կազմակերպման հարցում, որոնք փորձարկվում են: Հիմնականում բնագիտական առարկաների հատվածում ունենք մեծ փոփոխություն, որտեղ շատ ենք կարևորում գործնական կարողությունների, լաբորատոր փորձերի անցկացումը, ինչին ուղղված աշխատանքներ են իրականացվում, որպեզի դպրոցները հագեցվեն լաբորատորիաներով»: Այս համատեքստում Ա. Սվաջյանն ընդգծել է լաբորատոր սարքերը դասի ընթացքում կիրառելու կարևորությունը: Նոր մոտեցմամբ քննությունը նաև լինելու է այն գործիքը, որով ստուգվելու է, թե որքանով են այդ սարքավորումները կիրառվել գործնական դասերին:
Երկու ձևաչափ է փորձարկվում՝ թեստային աշխատանք, որի որոշակի մասը կլինի երեխաների գործնական կարողությունների և լաբորատոր փորձերի հմտությունների ստուգումը և նախագծային աշխատանք՝ ուղղված թե՛ հետազոտական, թե՛ միջառարկայական կապերի հաստատման կարողությունների զարգացմանը: Երեխաներն իրենք են ընտրելու թե ինչ ձևաչափով են մասնակցելու քննությանը:
«Ինչ վերաբերում է «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն» և «Օտար լեզու» առարկաների քննությունների բնույթին, դրանք մնալու են թեստային ձևով, բայց կարծում ենք՝ դրանք պետք է լինեն ոչ միայն գիտելիք ստուգող, այլև տրամաբանություն, վերլուծական մտածողություն զարգացնող»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
«Պատմություն» առարկայի վերաբերյալ կարևորվել է փաստական գիտելիքից զատ նաև իրադարձությունների վերլուծության, արդիականության վերհանման և այլ կարողությունների զարգացումը:
««Պատմության» քննությունն այլ ձևաչափով է անցկացվելու. պատմական որևէ իրադարձության և տվյալ ժամանակաշրջանի որևէ գրականության վերաբերյալ պետք է գրել էսսե՝ համատեղելով իրադարձությունները: Դա կզարգացնի նաև աշակերտի գրավոր խոսքը, ստեղծագործականությունը»,- վստահություն է հայտնել ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Մասնագիտական զարգացմանն ուղղված գործընթացի վերաբերյալ Ա. Սվաջյանն ընդգծել է, որ կան և՛ խնդիրներ, և՛ ձեռքբերումներ. «Մեր խնդիրն է ապահովել տարբեր առարկաների թեստերի համաչափությունը, որպեսզի դրանք ստուգեն ոչ թե ուսուցչի արագությունը, այլ գիտելիքը՝ ծրագրային նյութի իմացությունը։ Պետք է հնարավորինս նվազեցնել նաև տեխնիկական վրիպումները»:
Դպրոցներում պարտադիր ատեստավորման գործընթացում 2024 թվականից նոր համակարգ կգործի՝ կարիքի գնահատման վրա հիմնված: Մինչև հինգ տարի փորձ ունեցող ուսուցիչները պարտադիր կատեստավորվեն մեկ տարի հետո, վերապատրաստումներն ու ատեստավորումը լինելու են 4 մակարդակներում: Վերապատրաստումը կանցկացնի տվյալ կազմակերպությունը, իսկ ատեստավորումը՝ ԳԹԿ-ն:
Նախարարի տեղակալը իրազեկել է, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստում է նախապատրաստվում: Ըստ այդմ՝ պետք է խմբավորել մասնագիտությունների ցանկը՝ որն է տեսական, որը՝ գործնական: Տեսական մասը կանցկացնի ԳԹԿ-ն, իսկ գործնականը՝ մասնագիտական հանձնաժողովները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան