2023-ին կապահովենք 7 %-ից ավելի տնտեսական աճ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այս տարվա համար ակնկալվում է 8,3-8,5 % տնտեսական աճ:
Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալն աճել է 17,5 %-ով, ակնկալվում է, որ արտադրողականության ծավալը կհասնի 9,6 %-ի։
«Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքով Հայաստանը բարելավում է դիրքերը: Եթե 2017 թվականին մեր երկիրն աշխարհի պետությունների թվում գտնվել է 122-րդ տեղում, 2020-ին՝ 112-րդ, ապա 2023-ին, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, Հայաստանը կլինի 86-րդ հորիզոնականում»,-հայտարարել է Քերոբյանը:
Քերոբյանը զեկուցել է, որ ընթացիկ տարում Հայաստանում ստեղծվել է մոտ 44 հազար նոր աշխատատեղ, բարձրացել է միջին աշխատավարձը, աղքատության մակարդակը 26,5 %-ից նվազել է 24,8 %-ի, իսկ գործազրկության մակարդակը երկրորդ կիսամյակի տվյալներով կազմել է 11,7 %։
«Ակնկալվում է 2023 թվականն ավարտել արտահանում-ՀՆԱ հարաբերակցության 54,5 % ցուցանիշով. կառավարության թիրախը կազմում է 60 %»,-ասել է քերոբյանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 % տնտեսական աճը:
«Բացի կորոնավիրուսի և պատերազմի տարվանից՝ մենք գլոբալ առումով տնտեսական աճի խնդիր չենք ունեցել: 2019 թվականին ունեցել ենք շատ մեծ տնտեսական աճ, 2021-ին, երբ ներքաղաքական ճգնաժամ էր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, արտաքին անվտանգային խնդիրներ կային՝ կրկին 5 %-ից ավելի տնտեսական աճ ենք ապահովել: 2022-ին ապահովել ենք 12 % տնտեսական աճ, 2023-ին կապահովենք 7 %-ից ավելի տնտեսական աճ»,-ասաց Փաշինյանը: