Շողակաթ Վարդանյանի «1489»-ը՝ «Սինեեվրոպայի» լավագույն 25 ֆիլմերի ցանկում
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը «Սինեեվրոպայի» ժուռնալիստների շրջանում անցկացված հարցման արդյունքներով հայտնվել է այս տարվա եվրոպական լավագույն 25 ֆիլմերի ցանկում։ Այս մասին գրում է «Կինոաշխարհ»-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) միանգամից արժանացել էր երկու՝ «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների։
Ֆիլմի սյուժեի ժամանակագրական շրջանը 2020-2022թթ է։ 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր, որոնման պատմությունն է։ «1489» անվանումը Սողոմոնի մասունքներին տրված համարն է․․․
«Լավագույն ֆիլմ» մրցանակը ժյուրին այսպես է ձևակերպել. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն։ Կինոն որպես գոյատևման գործիք, որը մեզ բոլորիս թույլ է տալիս առերեսվել նրան, ինչը կնախընտրեինք չտեսնել։ Եվ վերջապես, սա կինոյի անմոռանալի՝ սիրո դրսևորման օրինակ է»: