Վարդան Ոսկանյան. Պատրանքները, որ մեր տարածաշրջանում կառուցվելու է հավերժական խաղաղություն, 2024-ին ի դերև են լինելու
Տարածաշրջանի ու դրա երկրների համար 2023-ը լարված ու դժվար տարի էր՝ լի զինված իրադարձություններով, կորուստներով... Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում անցնող տարվա ընթացքում էլ մնացին Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, Իրանը, Ռուսաստանը։ Խաղաղության մասին հայտարարություններ էլ շատ հնչեցին։
Panorama.am-ը իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ ամփոփել է անցնող տարին. ինչպիսի՞ն էր 2023 թվականը հայ-իրանական հարաբերությունների համար, ո՞վ է մեղավոր առկա պոտենցիալի չօգտագործման համար, ի՞նչ սպասել 2024-ին, ինչո՞ւ են մերթընդմերթ ջերմանում Ադրբեջան-Իրան հարաբերությունները։
Վարդան Ոսկանյան-Թե Հայաստանի, թե Իրանի համար բավական բարդ տարի էր։ 2023-ը ծանր էր հատկապես մեզ համար, գիտեք, տեղի ունեցավ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի ամբողջական բռնազավթում, տեղի բնակիչների՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանական գործողություն, էթնիկ զտում։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա տարածաշրջանում ամենակարևոր զարգացումը ադրբեջանա-թուրքական դաշինքի դիրքերի ուժեղացմանն էր վերաբերում, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, որ մինչ օրս շարունակվում է Գազայի հատվածում։ Երկու պետությունների համար էլ ծանր տարի էր, Հայաստանի համար կորուստներով լի։ Կարծում եմ՝ այդ կորուստները պետք է մեզ սթափեցնեն, որ մենք հնարավորինս վերագտնենք մեզ ու գնանք բռնազավթված տարածքների վերաազատագրման ուղիով։
Իրականում հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը հասկանալու համար մենք պետք է հստակորեն սահմանենք Հայաստանի պետության տեսլականը, այսինքն ինչպիսի պետություն ենք մենք ձգտում ունենալ։ Ակնհայտ է, որ մեր տարածշրջանում կան երկու թշնամական ուժեր, որոնք փաստացի ձևավորել են միասնական աշխարհքաղաքական, ծավալապաշտական նկրտումներ։ Խոսքը Բաքվի ու Էրդողանական վարչախմբի մասին է։ Հայաստանն ունի երկու բարեկամ-հարևան պետություններ՝ Վրաստանը և Իրանը։ Պարզ է, որ իմ նշած թշնամական դաշինքի հետ Հայաստանի համար անհնար է հարաբերությունները կարգավորել արժանապատիվ կերպով, մի քանի ամիս առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականացրել է ցեղասպանական գործողություն արցախահայության նկատմամբ։ Եվ չի պատրաստվում, ի դեպ, որևէ գործողություն կատարել, որը միտված կլինի Հայաստանի Հանրապետությունից բռնազավթված տարածքներից իր բաշիբոզուկներին դուրս բերմանը։ Հետևաբար հայ-իրանական հարաբերությունների օրակարագը պետք է ձևավորել ու ձևակերպել Հայաստանի պետության տեսլականից, որը պետք է ենթադրի Հյուսիս-հարավ առանցքի ձևավորումը, այս առումով Հայաստանը կարող է դառնալ իրական հարթակ։ Իրանի հետ աշխատանքներն էլ պետք է ընթանան հենց այս ուղղությամբ։
Կան ծրագրեր, որոնք ունեն ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային, աշխարհքաղաքական նշանակություն։ Խոսքը վերաբերում է Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցին, ինչպես նաև հնդկական հյուսիս-հարավ ծրագրում հայաստանի ներգրավվածության խնդրի ամրագրմանը, որը չափազանց կարևոր է մեզ համար։
Panorama.am-Հայաստան-Իրան համագործակցության համար ո՞ր ոլորտում առավել մեծ պոտենցիալ կա։ Եվ ինչպիսի գնահատական կտա՞ք հայ-իրանական հարաբերությունների առկա մակարդակին։
Վարդան Ոսկանյան-Հայ-իրանական հարաբերությունների պոտենցիալը չափազանց մեծ է, ես չէի վախենա ասել՝ հսկայական։ Ցավալիորեն, տարիներ շարունակ մենք խոսում ենք դրա մասին, բայց չենք իրացնում, այդ պոտենցիալի գոնե գերակշիռ մասը։ Բնական է, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Իրանը կարևոր նշանակություն ունի ադրբեջանաթուրքական դաշինքի զսպման գործում։ Ուստի հայ-իրանական հարբերությունների համատեքստում շատ արդիական է դարձել հատկապես անվտանգային ոլորտում համագործակցութունը։ Այս պոտենցիալը չօգտագործելն առնվազն շռայլություն պետք է որակվի առնվազն մեր հասարակական խոսույթում։
Panorama.am--Հիմա մենք ականատեսն ենք իրանա-ադրբեջանական հարաբերությունների՝ չասեմ ջերմացման, բայց ինչ-որ դրական դինամիկա կա։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում հիմա երկու պետությունների հարաբերություններում, ի՞նչ արդյունքների կարող ենք ականատես լինել այդ շրջանակում։
Վարդան Ոսկանյան-Իրան-Ադրբեջան հարաբերություններում խնդիրներն այնքան շատ են ու այնքան խորքային, որ դրանցից շատերի լուծումն, ըստ էության, գոյություն չունի։ Ակնհայտ է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը և դրա ինքնությունը կազմավորվել են մի կողմից հակահայկականության, մյուս կողմից հակաիրանականության շուրջ։ Ուստի Ադրբեջան-Իրան հարաբերություններում բարեկամական բնույթի որևէ ջերմացում բերելու է ադրբեջանական ինքնության ժխտման, որն անհնարին է։
Խնդիրներն առկա են, բայց պարզ է, որ իրանական կողմը, նաև Բաքվի բարբարոսական վարչախումբը ցանկանում են կառավարել այն ռիսկերը, որոնք առկա են։ Ադրբեջանը փորձում է Իրանի հետ հարաբերություններն օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, մասնավորապես, կեղծ խոսույթն առ այն, որ եթե Հայաստանը չի տրամադրում ադրբեջանաթուրքական երազանքների այսպես կոչված «Զանգեզուրյան» միջանցքը, որն իրականում թուրանական միջանցքն է, իրենք ճանապարհ կունենան Իրանի տարածքով, ըստ էության խաբկանք է, քանի որ այդ ճանապարհը գործել է ԽՍՀՄ փլուզումից ի վեր և հիմա էլ գործում է, որևէ կերպ չի ազդում Հայաստանի հեռագնա տեսլականի վրա։ Այս համատեքստում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի հասկանան՝ Բաքվից պարբերաբար եկող հոսքերը, որոնք ուղղված են մեր հասարակության ներսում լրացուցիչ անհանգստություններ ստեղծելու առ այն, որ Իրանը և Ադրբեջանը կարող են դաշնակցել միմյանց հետ Հայաստանի դեմ, ըստ էության հիմնազուրկ են։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան