«Հրապարակ». Ինչպես են նշելու Ամանորը տարբեր գերատեսչություններում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որոշ գերատեսչություններում արդեն սկսել են ամանորյա կորպորատիվների պատրաստությունները, դրա համար պետբյուջեից արդեն գնումներ են կատարվում։ Այս առումով հատկապես ակտիվ են Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների աշխատակազմերը։ Փորձեցինք ճշտել, թե մյուս գերատեսչություններն ինչպես են նշելու Ամանորը։ ԱԺ-ից հայտնեցին, որ դեռ ձևաչափը հստակ չէ, սակայն «անակնկալներ չեն լինի», կլինի նույնը, ինչ նախորդ տարիներին։
ՄԻՊ աշխատակազմից ասացին, որ պետբյուջեի հաշվին կորպորատիվ չի լինելու։ Ենթադրվում է, որ իրենց միջոցներով են անելու։ Նույնը նաև Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին․ «ՀՀ պետբյուջեից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատկացված միջոցներից որևէ ծախս նախատեսված չէ Ամանորը նշելու համար։ Այս ընթացքում եթե ներկայացուցչական որոշ ծախսեր կատարելու անհրաժեշտություն առաջանա, ապա դրանք կարվեն օրենքով սահմանված կարգով և կհրապարակվեն»։
ՍԴ-ից ևս պատասխանեցին՝ միջոցառում չեն պլանավորում, 2020-ից հետո կորպորատիվներ ՍԴ-ում չեն լինում, ԲԴԽ-ում ևս միջոցառում չեն անի։ ԱՆ-ից պատասխանեցին․ «Այս պահին արդարադատության նախարարությունը որևէ կազմակերպության հետ պայմանագիր չունի կնքած, որով կնախատեսվի ամանորյա միջոցառում»։ Այսինքն, չի բացառվում՝ մոտ ապագայում կնքեն պայմանագիրն ու միջոցառումն անեն։ Այս առումով ամենագաղտնապահը դատախազությունն է, մեր հարցին գրավոր հարցում պահանջեցին։ Հավանաբար, ամանորյա կորպորատիվի մեջ վատ բան են տեսնում կամ գրավոր հարցում են ուզում, որ Ամանորից հետո պատասխանեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: