Ժողովրդի հանրաքվեով ստեղծված Արցախի պետական ինստիտուտները պետք է գործեն. Դավիթ Գալստյան
Ադրբեջանի բառերը կրկնողները Ադրբեջանի շպիոներն են Հայաստանի քաղաքական դաշտում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորների և իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին՝ Արցախի պետական իսնտիտուտների Հայաստանում գործելու դեպքում սպառնալիք ներկայացնելու մասին:
«Ես համոզված եմ, որ Արցախի գոյություն ունենալը այսօր միայն ու միայն Ադրբեջանին ձեռնտու չէ, և ով որ այսօր Արցախը կործանված է և Արցախի ինստիտուտները չպետք է աշխատեն, դրանք միայն ադրբեջանական քաղաքականության ջատագովներն են Հայաստանում, ցավոք սրտի: Արցախի պետական ինստիտուտները 30 տարուց ավելի գործել են և ոչ մի վտանգ Հայաստանի Հանրապետության համար երբևէ չեն ներկայացրել: Նույնը շարունակվում է, բայց միշտ եղել են խնդիրներ Ադրբեջանի հետ, որոնք որ չեն ուզեցել, որ Արցախում որևէ ինստիտուտ կայանա, գոյություն ունենա, կամ աշխատի: Ով կրկնում է Ադրբեջանի այդ նույն բառերը, նրանք Ադրբեջանի շպիոներն են Հայաստանի քաղաքական դաշտում»,- ասել է նա:
Դավիթ Գալստյանը շեշտում է, որ երբ արցախյան շարժումը սկսվեց, Արցախում ժողովուրդն ինքնորոշվեց և հենց դա էլ բերեց Արցախի Հանրապետության ստեղծմանը, դա որևէ մեկի իրավունքը կամ իրավասությունը չէ, որ լուծարի. «Ժողովրդի հանրաքվեով ստեղծված պետական ինստիտուտները, սահմանադրական բոլոր մարմինները պետք է գործեն, դա որևէ վտանգ չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համար»:
«Արդարություն» խմբակցության ղեկավարը նշում է, որ առանց Արցախի էլ Ադրբեջանը շարունակում է նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ և դա Արցախով չէր պայմանավորված:
«Մենք գիտենք Ադրբեջանի ախորժակը, երբ որ Ադրբեջանն այսօր գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, դա որևէ կերպ արցախյան հանրապետության հետ կապված չէ: Ադրբեջանն իր քաղաքականությունը վարում է այնպես, ինչպես նախանշել է իր համար և այսօր այդ վտանգները բերել կապել Արցախի հետ, ուղղակի մեղավորների փնտրտուքների մեջ են, այլ ոչ թե այդ վտանգները չեզոքացնելու: Ես չեմ կարող ասել՝ իշխանությունները վախենում են, թե նույն շրջանակի մեջ են գործում, բայց այն, որ իրենց այդ թեզերը, գրառումները, բոլորը համահունչ է Ադրբեջանի վարած քաղաքականությանը, դա փաստ է» -ասաց նա:
Գալստյանը նշում է, որ այս գրառումներով, հայտարարություններով իշխանության ներկայացուցիչները փորձում են ճնշել, Արցախի հարցը փակել, բայց դա որևէ քաղաքական ուժի կամ իշխանության իրավունքը չէ, այլ հայ ժողովրդի համազգային պայքարն է, որ հայ ազգը պարտավոր է շարունակել:
«Սա մեր պաքարը չէ միայն, սա համայն հայության պայքարն է և եթե Հայաստանում որոշ իշխանավորներ փորձում են այսպես ասած «Արցախը տանք, հանգիստ ապրենք» -ով շարժվել, բոլորս տեսանք, որ այդ թեզը չի աշխատում թե 20 թվականին, թե դրանից հետո: և եթե իշխանական պատգամավորները համարում են, որ Արցախի հարցը 1990-ական թվականներին կամ 2000-ական թվականներին լուծվել է, ապա ինչու էր իրենց առաջնորդը 2019 թվականին հայտարարում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և մենք տեսել ենք, թե ինչպես են տարբեր պաշտոնյաներ եկել, Ակնայում նկարվել, ասել, որ սա մեր հայրենիքն է , իսկ այսօր հռետորաբանությունը փոխել: Այսինքն՝ սրանք չունեն քաղաքական գիծ, սրանք շարժվում են ինչ-որ այլ ծրագրերով, որը հայի շահից չի բխում և մենք չպետք է թույլ չտանք, որ հայրենիքը տալով իրենց իշխանությունը երկարաձգել»,-ասաց նա:
Խմբակցության ղեկավարը նշում է, որ Ադրբեջանը չի բավարարվել Արցախի բռնազավթմամբ և շարունակում է իր ոտնձգությունները ՀՀ-ի տարածքի հանդեպ, և ուղղակի կեղծ թեզ է կապել Արցախի պետական ինտիտուտների գոյությունը այս նկրտումների հետ:
«Իրավիճակը փոխելու համար պետք է ունենալ հզոր բանակ, կամք, տոկունություն և ոչ թե մեղավորներ փնտրել, եթե նորից պատերազմ սկսվի: Նրանք ամեն տեղ փորձում են մեղավորներ փնտրել, բայց փաստն այն է, որ այս իշխանությունների օրոք մենք կորցրեցինք մեր հայրենիքի զգալի մասը»,- հավելեց նա:
Գալստյանը իր խոսքը եզրափակելիս ասաց, որ Արցախի պետական պաշտոնյաները լծված են պետական ինստիտուտները պահպանելու և Արցախ վերադառնալու գործին. «Ցավալի է, որ ՀՀ իշխանություններն այսօր այս գծի մեջ են և նրանք չեն ուզում զբաղվել հայրենիքի վերադարձման գործով»:
Հիշեցնենք, որ Արցախի պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ասել էր, որ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները լուծարված չեն։ Նա ասել էր, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել են ԼՂ ճարտարապետների և կոնստրուկտորների գործունեությունը ՀՀ-ում կազմակերպելու վերաբերյալ հարցեր
- Բագրատ Միկոյան. Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել
- Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը