«Հրապարակ». Դատական համակարգի աշխատողներին, հավանաբար, «պատժում» են` դրամական պարգև չտալով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամանորին ընդառաջ պետական գրեթե բոլոր գերատեսչություններում նախատոնական պարգևավճարներ են բաժանում կամ, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ են տալիս։ Ընդամենը մի քանի օր առաջ խորհրդարանում ևս` ԱԺ նախագահի կարգադրությամբ, աշխատակազմն ու աշխատողները մեկ դրույքի չափով պարգևավճարներ են ստացել, միակ բացառությունը, պարզվում է, դատական համակարգն է։ Դատական համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պարգևավճարներ չտալը մեկնաբանել են իրենց բարձր աշխատավարձերի փաստով: Մինչդեռ դատավորները և պատգամավորները գրեթե նույն չափի աշխատավարձ են ստանում, սակայն բավական չէ, որ տարվա մեջ պատգամավորները մի քանի անգամ աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճարներ են ստանում, տարեվերջին էլ՝ 13-րդ աշխատավարձ, մինչդեռ դատական համակարգի աշխատողներին, հավանաբար, «պատժում» են` դրամական պարգև չտալով: Ամեն դեպքում, նրանց մեջ դեռ կան որոշ անկախ դատավորներ, որոնք երբեմն հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայացուցիչների անօրինական պահանջները և, ասենք, միշտ չէ, որ կալանավորում են կամ պատիժ են սահմանում նրա քաղաքական հակառակորդների նկատմամբ:
Փաշինյանական իշխանությունն ամեն կերպ հասկացնում է, որ ով լավ է ծառայում, նա շահում է ամեն ինչում. մեծ գումարներ է ստանում, նրա ապօրինությունների վրա աչք են փակում, նրա պաշտոնավարումը երաշխավորված և անամպ է ընթանում: Իսկ ըմբոստները միայն տուժում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: