Նոր ծննդաբերած կնոջը կտրել են թե մայրության նպաստից, թե աշխատավարձից. Պետական մարմինների անգործության հետևանքով խախտվել է քաղաքացու իրավունքը
Մինչ պետական մարմիններն իրար հետևից հաշվետվություններ ու «կատարած» աշխատանքներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, նոր ծննդաբերած կինը նույն մարմինների անգործության հետևանքով հայտնվել է անելանելի դրության մեջ։ Տարիներ շարունակ պետական կազմակերպությունը չի վճարել նրա աշխատավարձը, հիմա էլ պետությունը չի տրամադրում կնոջը հասանելիք մայրության նպաստը։
ժողովրդագրության, նպաստների վճարման, ծնելիության աճի խթանման աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կատարված աշխատանքները ներկայացնելիս դժվար այս դեպքը նկարագրած լինեն Փաշինյանին։ ԿԳՄՍ-ն էլ իհարկե կլռի։
Բանն այն է, որ ամիսներ առաջ մայրացած կինը շարունակ թակում է պետական մարմինների դռները՝ իրեն օրենքով հասնելիք մայրության նպաստը ստանալու հույսով։ Սակայն պետությունը որևէ լուծում չի գտնում կամ չի ցանկանում գտնել քաղաքացուն հասանելիք նպաստը տրամադրելու համար։ Շան գլուխն այս պատմության մեջ թաքնված է ԿԳՄՍ նախարարության անգործության կամ անփութության մեջ։
Panorama.am-ն ավելի վաղ գրել էր խնդրի մասին. Ամեն ինչ սկսվեց այս տարվա մայիսից, երբ կինը մայրության նպաստ ստանալու համար դիմում ներկայացրեց։ Միասնական սոցիալական ծառայութունից մերժեցին. «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության ուսումնսիրության արդյունքում պարզվել է, որ շահառուն ունի «ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով մայրության նպաստի իրավունք՝ որպես աշխատող անձ։ Հիմք ընդունելով վերագրյալը՝ հայտնում եմ, որ նպաստ նշանակելու վերաբերյալ հայցադիմումը մերժվում է՝ նպաստի այլ իրավունք ունենալու հիմքով։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է դիմել գործատուին մայրության նպաստ ստանալու համար»։
Քաղաքացին համարվում է գրանցված աշխատող Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Իսկ Խորիոգրաֆիայի պետական թատրոնի անունը կա, թատրոնը չկա. ոչ լուծարվել է, ոչ գործում է։
Մայրացած կինը դիմում-նամակ է ուղարկել Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոն, սակայն նամակը վերադարձվել է։ Դիմում նամակ է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, քանի որ Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնը գտնվում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ։
«Եթե թատրոնը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ, ինչու՞ նախարարությունը 2018 թվականից ոչինչ չի ձեռնարկել, օրինակ լուծարել, փակել, պատասխանատվության ենթարկել գործառույթները չկատարելու համար, կարգավորել թատրոնի բնականոն աշխատանքային ընթացքը, թատրոնի և թատրոնի անձնակազմի ճակատագիրը հստակեցնելու համար»,-նշում է կինը։
Նախարարությունից էլ քաղաքացուն պատասխանել են՝ որևէ բան անել չեն կարող։ Տեղյակ լինելով խնդրին, նախարարությունից Panorama.am-ից գրավոր հարցում ուզեցին։
Իսկ մինչ այդ քաղաքացին շարունակում է պետական մարմինների հետ արդեն իմաստազուրկ դարձած նամակագրությունները։ Օրինակ, մի գրություն ուղարկվել է Միասնական սոցիալական ծառայություն։ Ծառայության պետի տեղակալ Ն. Դավթյանն օրեր առաջ արձագանքել է.
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվական շտեմարանի տվյալների համաձայն, Դուք «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» գործատուի մոտ 09.01.2019 թ.-ից աշխատանքային հարաբերությունների մեջ եք, աշխատանքից ազատված չեք: Ընդ որում, նշված կազմակերպությունը գործող է (լուծարված չէ):
Ըստ այդմ, վերը նշված օրենսդրական իրավակարգավորումների համաձայն, քանի որ Ձեր ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է գործող կազմակերպության՝ «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածում, Դուք օգտվում եք Օրենքով սահմանված մայրության նպաստ ստանալու իրավունքից (հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը) և Ձեր կողմից նշված հանգամանքները գործատուին չեն ազատում Ձեզ մայրության նպաստ վճարելու պարտականությունից:
Միաժամանակ, քանի որ աշխատող անձի մայրության նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումը, օրենսդրության համաձայն, իրականացնում է գործատուն, հետևաբար, այստեղ Ծառայությունը որևէ գործառույթ չունի:
Գործատուի կողմից Ձեզ մայրության նպաստ չվճարելու դեպքում խնդիրը կարող է լուծվել դատական կարգով»։
Փոքր երեխա ունեցող կնոջը մատնացույց են անում դատարանը, որտեղ գիտենք, թե մի գործը քննելու ու ավարտին հասցնելու համար ինչքան ժամանակ է պահանջվում։
Panorama.am-ը խնդրի վերաբերյալ ահազանգել էր ՄԻՊ գրասենյակ։ Ավելի ուշ հարցրել էր, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այս ընթացքում քաղաքոցու ոտնահարված իրավունքի վերականգնման համար.
«Ի պատասխան Ձեր հարցադրմանը` տեղեկացնում ենք, որ Ս. Կ.-ի բողոքը սահմանված կարգով և ժամկետում ուսումնասիրվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
Ուսումնասիրության հիման վրա Պաշտպանը կայացրել է բողոքը քննակմանն ընդունելու մասին որոշում և համապատասխան պարզաբանումներ ստանալու պահանջով գրություն է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Նախարարությունից ստացված պատասխան գրության ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Ս. Կ.-ի գործատուն «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ն է:
Ս. Կ-ի բողոքի քննարկման պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով, ինչպես նաև վերջինիս գրավոր համաձայնությամբ, նրա բողոքը փոխանցվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ որպես գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող կառույցի:
Քաղաքացու բողոքի ընթացքի նկատմամբ հետագայում նույնպես կիրականացվի հետևողական աշխատանք:
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ ենք համարում նշել, որ աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան