«Ասողին լսող է պետք»․ Էներգետիկայի ոլորտը ղեկավարում են բոլորովին անթույլատրելի մարդիկ․ փորձագետ
Էներգետիկայի ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ քայլեր չեն արվում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը։
Նշենք,որ դեկտեմբերի 22-ին, էներգետիկները նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Էներգետիկի օրը: Արզումանյանն ասում է՝ համարժեք ուշադրության ու շնորհավորանքի չեն արժանացել։
«Այս վարչախմբի վերաբերմունքն էներգետիկայի ոլորտին շատ եմ քննադատել։ Նրանք կամ չեն ուզում լսել դրանք կամ չեն հասկանում ոլորտից։ Ողջ կյանքս աշխատել եմ ու տեսել, թե ինչ գահ ունի էներգետիկ ոլորտը»,- ասաց Արզումանյանը։
Մասնագետը նշում է՝ այսօր էներգետիկ ոլորտում կուտակվել են բազում խնդիրներ, որոնց ուղղությամբ տարվող քայլերը բավարար չեն։ Խոսքը՝ և՛ ատոմային էներգայի անվտանգությանն է վերաբերում, և՛ գազի, էլեկտրաէներգիայի սակագներին, և՛ ՀԷԿ-երի չկանոնակարգված գործունեությանը։
«Հստակ քայլերով պետք է վերացնեն սխալները, որպեսզի էներգետիկ ոլորտը դառնա անվտանգ։ Սակայն դրա համար պետք է նախ ոլորտից գլուխ հանել։ Կան հարցեր, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ Ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք։ Այն անձիք, որոնք ղեկավարում են էներգետիկ ոլորտը, բոլորովին անթույլատրելի մարդիկ են և իրավունք չունեն այնտեղ աշխատելու և ղեկավարելու` ո՛չ կրթությամբ և ո՛չ էլ՝ փորձով»,- ասաց Արզումանյանը։
Նրա խոսքով, թեև 2024թ․-ին գազի սակագնի փոփոխություն նածատեսված չէ, սակայն կարծում է, որ նախորդ սակագնի բարձրացումը ևս անհիմն է եղել։
«Ամբողջ աշխարհում Ռուսաստանից գազ գնելու դեպքում գազի սակագինը սահմանելիս չեն հաշվարկում գազի կալորիականությունը։ Մեր մոտ էլ ,մինչև նախորդ տարի այդպես է եղել, սակայն նախորդ տարի նոր սակագնի մեջ սահմանեցին գազի նվազագույն կալորիականության չափ, որից բարձրի պարագայում վճարն ավելանում է։ Կալորայականությունը չպետք է ազդի գազի սակագնի վրա։ Այս փոփոխությունը գործում է միայն ի շահ գազի ոլորտը սպասարկողի, բայց ոչ՝ սպառողի։ Երբեք Հայաստան մտնող գազի կալորիականությունը 8200-ից ավելին չի լինում»։
Ըստ մասնագետի՝ գազի կորուստները ևս սխալ են հաշվարկվում․ «Գիտական, տեխնիկական կորուստների հաշվարկները սխալ բանաձևով են արվում։ Այս մեթոդով քողարկում են կոմերցիոն գողացված կորուստները»։
Բազում խնդիրներ կան նաև ՓՀԷԿ-երի հետ կապված։ Արզումանյանն ընդգծում է, որ օրենքով նախատեսված հսկողությունը թույլ է։
«ՓՀԷԿ-երին պետք է հսկել, որպեսզի բնությանը վնաս չհասցնեն։ Նրանք էլեկտրաէներգիա արտադրելու համար գետից չվերցնեն ավելի շատ ջուր, քան թույլատրված է։ Այս առումով և՛ գյուղացիական տնտեսություններին է վնաս հասցվում, և՛ գետերի կենսաբազմազանությանը։ Ձկները պետք է կարողանան տեղաշարժվել։ Ամաբարտակները պետք է այնպես կառուցել, որպեսզի ջրի հոսքն ապահովեն։Իսկ ջրի հոսքը համացանցի միջոցով հսկելու հնարավորություն պետք է լինի, որպեսզի խախտման դեպքում անմիջապես արձագանքեն»,- ասաց Արզումանյանն ու նշեց, որ այս ուղղությամբ ևս անհրաժեշտ քայլերը չեն արվում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան