Փաշինյան. Ինչպես աշխատելու մեջ, աղքատության մեջ էլ հոգեբանություն կա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացի, ինչպես նաև սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերի, դրանց լավարկման հեռանկարների վերաբերյալ։
Ըստ նախարարության, նոր համակարգը հնարավորություն կտա օգնել ծայրահեղ աղքատ ընտանիքներին հաղթահարելու ծայրահեղ աղքատությունը, ձեռք բերելու զբաղվածություն։ Պետությունն անհրաժեշտ ջանքեր կգործադրի անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ձեռք բերել աշխատանք և բարելավել ընտանիքի կենսապայմանները։
Փաշինյանը, խոսելով նպաստ ստացող անձանց թվի դինամիկայի մասին, նշել է. «Ի վերջո այստեղ ֆունդամենտալ խնդիրը պետք է լուծենք: Այն, թե ինչի մեջ եմ տեսնում խնդիրը: Մենք աղքատության մեջ գտնվող մարդուն պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերենք, ճի՞շտ է: Մյուս կողմից ասում ենք՝ աղքատությունը հաղթահարելու միայն մի ձև կա, և դա աշխատանքն է: Հաջորդ փուլին նպաստ ստացողին ասում ենք՝ հենց աշխատեցիր, այլևս քեզ ոչնչով չենք օգնի»:
Ի պատասխան՝ փոխնախարար Աննա Ժամակոչյանը նշել է, որ աշխատանք ձեռք բերելուց հետո 6 ամսվա ընթացքում ստացվելիք աշխատավարձը որպես եկամուտ չի հաշվարկվում:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ակնհայտ է, որ 6 ամիսը բավարար չէ: Այսինքն՝ 6 ամսում մարդն աղքատությունը հաղթահարելո՞ւ է: Ինչպես աշխատելու մեջ, աղքատության մեջ էլ հոգեբանություն կա: Ո՞նց է մարդը 6 ամսում այդ հոգեբանական վիճակը հաղթահարելու: Դա ադապտացիա է: Մարդը սովորել է, ենթադրենք, 10 տարի մի կերպ է ապրում, ապրելու մի ոճ ունի, 6 ամսում շատ դժվար է ապրելու ոճը փոխել մեզնից ցանկացածի համար: Քննարկեք՝ ինչ-որ լուծումների եկեք»: