Սպիտակի ոլորաններում երեխաներ տեղափոխող ավտոբուսը չի կարողացել շարունակել ճանապարհը
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 33-րդ կմ-ին։
Ժամը 20։55-ից մինչև 22։28-ն փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 մարդատար ավտոմեքենա (21 ուղևոր)։
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:50-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կցորդիչով երեք բեռնատար ավտոմեքենա արգելափակվել է ձնակույտում․ երթևեկությունը դարձել է միակողմանի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին պարեկային ծառայության և Կոտայքի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել 3 կցորդիչով, 1 առանց կցորդիչի բեռնատար (1 ուղևոր) և 5 մարդատար ավտոմեքենա (13 ուղևոր)․ երթևեկությունը վերականգնվել է։
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում երեխաներ տեղափոխող ավտոբուսը չի կարողանում շարունակել ճանապարհը, երեխաներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ավտոբուսի 45 ուղևորի (որից 25-ը երեխա) տեղափոխել են Սպիտակ քաղաք։