Վրաստանը փակել է Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհները
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ առատ ձյան պատճառով որոշվել է փակել դեպի Հայաստանի և Թուրքիայի հետ սահմաններ տանող ճանապարհները կցորդով և կիսակցորդով մեքենաների համար։
«Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով Խաշուրի-Ախալցխա-Վալե (Թուրքիայի հետ սահման) և Ախալցխա - Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման) միջազգային ավտոճանապարհներին արգելվել է կցորդների և կիսակցորդների շարժումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ճանապարհների դեպարտամենտից հավելել են, որ 30 և ավելի մարդ տարողությամբ տրանսպորտային միջոցներին նույնպես արգելվում է երթևեկել մայրուղիներով, իսկ մյուս տրանսպորտային միջոցներին թույլատրվում է երթևեկել մայրուղիներով։
1tv.gе-ի հաղորդմամբ, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն մինչև դեկտեմբերի 26-ը Վրաստանում եղանակային պայմանների վատթարացում է սպասվում։
«Մասնավորապես սպասվում է անձրեւ, տեղ-տեղ ուժեղ, քամի, լեռներում եւ բարձրադիր գոտիներում առատ ձյուն, մառախուղ, բուք եւ ձնահյուսի վտանգ, ծովում հնարավոր է մինչեւ վեց բալ ուժգնությամբ փոթորիկ։
Առատ ձյան, վատ տեսանելիության, ավտոճանապարհների առանձին հատվածներում բքի և ձնահյուսի վտանգի պատճառով հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը: Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնոտ շրջաններում սողանքներ կարող են առաջանալ և ակտիվանալ»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։