Հայաստանի իշխանություններն ի՞նչ գործ ունեն Արցախի նախագահի հրամանագրերի հետ. Չալաբյան
«Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել որևէ պաշտոնյայի, ներառյալ ընտրված նախագահի հրամանագրով, քանի որ Արցախը ստեղծվել է համաժողովրդական հանրաքվեի հիման վրա»,- ասուլիսում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ միակ խելամիտ ձևը նոր հանրաքվե անցկացնելն է և Արցախի բոլոր քաղաքացիների կարծիքը հարցնելն է դրա շուրջը, որն այս պայմաններում այդքան իրատեսական չէ:
««Հայաքվեի» կարծիքով, Արցախի Հանրապետությունը շարունակում է իր գոյությունը, սակայն նրա տարածքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից:
Արցախի նախագահի հրամանագիրը միայն այն չափով է իրավաչափ, որքանով վերաբերում է իր ենթակայության տակ գործող կառույցներին, չի կարող վերաբերել ընդհանրապես Հանրապետությանը։ Հետևաբար, Արցախի պետական մարմինները, ինչպիսին է ԱԺ-ն, Գերագույն դատարանը, շարունակում են իրենց գործունեությունը, նախագահը նրանց լուծարելու որևէ իրավասություն չունի։
Բայց, ես կարծում եմ, արդարացված կլիներ, որպեսզի այն հրամանագիրը, որը սեպտեմբերին ուժի պարտադրանքի տակ, ստիպողաբար Արցախի նախագահը ստորագրել է, ևս առոչինչ ճանաչվի հիմա հենց Արցախի նախագահի կողմից: Դա ամենաարդարացված ու կարճ ընթացակարգը կլիներ։ Դրանով կվերացվեր ամբողջ աղմուկն այդ հարցի շուրջ»,-ասաց Ա. Չալաբյանը:
Անդրադառնալով այս հարցում ՀՀ իշխանությունների հայտարարություններին, նա նշեց, որ դա ընդհանրապես իրենց խնդիրը չէ. «Իրենք ի՞նչ գործ ունեն Արցախի նախագահի հրամանագրերի հետ: Եթե իրենք ասում էին, որ Արցախը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, ապա, բնականաբար, Արցախի նախագահը պետք է իր իրավազորությունը վերականգնի բանակցելու և շարունակի բանակցել: Պնդումները, թե դա կարող է Ադրբեջանի համար նոր հիմք հանդիսանալ, աբսուրդ է: Իրենց խուճապային տրամադրությունների պատճառը լրիվ ուրիշ տեղ պետք է փնտրել։ Արցախի իշխանությունները բացարձակ իրավազոր և իրավասու են իրենց գործողություններն իրենց տրամաբանությամբ կառուցել»։
Հարակից հրապարակումներ`
- Ներքին ու արտաքին թշնամու ծրագրերին այսօր կարող եք խոչընդոտել միայն Դուք. Մելիք-Շահնազարյանի նամակը՝ Արցախի նախագահին
- Ժողովրդի հանրաքվեով ստեղծված Արցախի պետական ինստիտուտները պետք է գործեն. Դավիթ Գալստյան
- Տիգրան Աբրահամյան. Իսկ դա նշանակում է, որ արցախցիների համար հանուն Արցախի պայքարը մնում է օրակարգում
- Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1 -ից Արցախը չի լուծարվելու. Սամվել Շահրամանյանի խորհրդական
- Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները. Շահրամանյան