9-րդ դասարանի քննությունները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից կանցկացվեն գրավոր՝ էսսեի միջոցով
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը»:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ յուրաքանչյուր տարվա համար առաջարկվում է ավարտական քննությունները համապատասխանեցնել գնահատման նոր համակարգին, չափորոշչի տրամաբանությանը, կրթական քաղաքականությանը։ Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ գնահատումն իրականացվելու է բնութագրման միջոցով, և միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից է սովորողը միավորային գնահատական ստանալու, ուստի կրթական 1-ին աստիճանի գիտելիքի ստուգումը համապատասխանեցվել է այդ տրամաբանությանը։
Նոր չափորոշչի կարևոր բաղադրիչ է նախագծային ուսուցումը, որի ներդրման արդյունավետությունը սովորողների մոտ առավել կդրսևորվի հատկապես բնագիտական ուղղությունների ավարտական քննությունների ընթացքում։
Ըստ այդմ՝ 2023-2024 ուստարում Տավուշի մարզի, իսկ հաջորդող տարիներին՝ ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում, նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ, իրականացվելու է փոփոխություն կրթական աստիճանի ավարտին իրականացվող գիտելիքի ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների գործընթացում, մասնավորապես՝
. 4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում, և սովորողը կտեղափոխվի կրթության հաջորդ աստիճան՝ ձևավորված բնութագրերի հիման վրա, որը որպես սովորողի գիտելիքի վերջնարդյունք՝ կհամարվի ատեստավորում:
. 9-րդ դասարանի ավարտական քննությունները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից կանցկացվեն գրավոր՝ էսսեի միջոցով, որը ինքնուրույն մտածելու, վերլուծություններ անելու կարողության դրսևորում կլինի: Բնագիտական առարկաների դեպքում սովորողը կունենա ընտրելու հնարավորություն՝ թեստ կամ նախագիծ: Նախագծային աշխատանքը պետք է իրականացվի առնվազն երկու բնագիտական առարկայից: Մյուս առարկաների դեպքում թեստերի միջոցով քննական գործընթացի մեխանիզմը պահպանվում է, սակայն կփոխվի առաջադրանքների բնույթը՝ դրանք համահունչ դարձնելով միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը:
. 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն իրականացվելու են թեստային եղանակով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը։
Այսպիսով՝ կատարված համապատասխան փոփոխություններով ակնկալվում է սովորողների ամփոփիչ ստուգումը դարձնել ոլորտի բարեփոխումներին համահունչ:
Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը տվյալ ուսումնական տարում որևէ կիսամյակում 60 ժամից ավելի բացակայած սովորողի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ գրավոր աշխատանքների միջոցով՝ տվյալ կիսամյակի ավարտին։ Այս
պահանջն ուժի մեջ կմտնի 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան