ԱԳ փոխնախարար. Աջակցում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում
«Ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայումս ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության էթնիկ զտումների, ավելի է վտանգել հայկական մշակութային ժառանգությունը»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ ելույթ ունենալով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման շրջանակներում։
Նա նշել է, որ մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ավերման և ինքնության խեղաթյուրման պետական քաղաքականությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար:
«Իրավիճակի լրջությունը պահանջում է, որպեսզի միջազգային հանրությունը հրատապ ջանքեր գործադրի։ Այս առումով մենք աջակցում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է»,-մասնավորապես ասել է նա։