Քաղաքագետ. Ռուս-հայկական հարաբերությունները պետք է տեղափոխվեն նոր կառուցողական մակարդակ
«Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ակտիվորեն տարածվում են կեղծ տեղեկատվական հոսքեր, ինչպես նաև ֆոն է ստեղծվել, որ իբր հայ հասարակության ճնշող մեծամասնությունը բացասաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Իրականում իրավիճակը ակնհայտորեն ուռճացված է»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը։
Նա նշել է՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը. երկու երկրների միջև առևտուրը միայն անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77%-ով և գերազանցել 4,1 մլրդ դոլարը, ինչը ռեկորդային է։
« 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունն աճել է 43,5%-ով և կազմել 4,4 մլրդ դոլար։ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն այս տարի հասել է 2,645 մլրդ դոլարի (աճը՝ 85%), ներմուծումը՝ ավելի քան 2,25 մլրդ դոլար (աճը՝ 15,4%)։ Բացի այդ, Ռուսաստանը ներկայումս ներդրումներ է կատարում և նախատեսում է շարունակել դրանք Հայաստանի տնտեսության մեջ։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ՀՀ-ում ներդրումների պորտֆելը 10 ծրագրերի համար գնահատվում է 533 մլն դոլար, ևս 300 մլն դոլար արժողությամբ ծրագրեր քննարկման փուլում են»,- նման տվյալներ է հրապարակել Ղուկասյանն ու հավելել, որ Հայաստանին նման ներդրումներ ոչ ոք նույնիսկ չի էլ առաջարկել, Հայաստանի տնտեսության համար ռուսական շուկայի դերն ու նշանակությունը դուրս է մրցակցությունից։
Նրա համոզմամբ, հասարակական-քաղաքական որոշ ուժեր, որոնք հանդես են գալիս հակառուսական օրակարգով և որպես այլընտրանք առաջարկում հանրապետության զարգացման արևմտյան ուղին, չունեն հստակ փաստարկներ։
«Նրանք զբաղված են միայն Հայաստան հոսող օտարերկրյա դրամաշնորհների մշակմամբ, որոնք հակասում են ՀՀ շահերին։ Արտաքին ֆինանսավորմամբ ՀԿ-ները ավելի շատ ծառայում են արտաքին ուժերի շահերին, քան պետական շահերին»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հարցազրույցին՝ բանախոսը նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը ներկայում քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր։
«Բացի այդ, վերջերս Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին նաև շրջանակային պայմանագիր՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համալիր միջոցառումներ իրականացման համար։ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ներդրումներ կատարել այս ոլորտում։ Հայկական ատոմակայանի համար Ռուսաստանին այլընտրանք պարզապես չկա»,-ասել է նա։
Արման Ղուկասյանի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը քաջ գիտակցում է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացման կարևորությունը, հետևաբար Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ իրական քայլեր կամ հետընթաց չի լինի, քանի որ սա հղի է աշխարհաքաղաքական ներկա իրողություններում մեր հանրապետությանը սպառնացող մեծ մարտահրավերներով։
«Հայաստանի իշխանությունները, չնայած բոլոր սուր հարցերին, չեն համաձայնի դուրս գալ ՀԱՊԿ-ից, և այդ մասին իրենք հայտարարում են հրապարակավ։ Կարծում եմ, որ գալիք տարում ռուս-հայկական հարաբերությունները պետք է տեղափոխվեն նոր կառուցողական մակարդակ, դա են պահանջում Հայաստանի շահերը», -հավելել է քաղաքագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան