Այս քրգործի նպատակն եղել է վարկաբեկել ինձ ու սահմանափակել իմ քաղաքական գործունեությունը. Չալաբյան
«Իմ դեմ հարուցված քրեական գործը եղել է զուտ քաղաքական, դատավճիռն էլ զուտ քաղաքական բնույթ ունի իր ամոբղջ էությամբ»,-ասուլիսում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ այս քրեական գործի նպատակն ի սկզբանե եղել է վարկաբեկել իրեն ու սահմանափակել իր քաղաքական գործունեությունը և օրենքն ու իրավունքը զոհաբերվել են այդ նպատակին, արդյունքում ստացել են տարօրինակ դատավճիռ։ Չալաբյանի խոսքով, քրգործը բացարձակ ռեկորդակիր է օրենքների և իրավունքի խախտումների մասով։
«Այն հարուցվել է օրենքի բացահայտ խախտումով, մերձիշխանական կիսալեգալ կայքով կազմակերպված մատնության միջոցով։
Իմ մեղքը դատարանում իրականում ապացուցված չի և որևէ ապացույց չի ներկայացվել, որ այդ ամբողջ գործողությունները, որոնց հիման վրա քրեական գործ է հարուցվել, որևէ առնչություն ունեն որևէ հանրահավաքի հետ»,-ասաց նա։
Չալաբյանն այն կարծիքին է, որ դատարանն ի սկզբանե քաղաքական պատվեր էր կատարում, նպատակն է՝ սահմանափակել իր հասարակական, քաղաքական գործունեությունը։
«Սակայն այս իշխանությունները չարաչար սխալվում են։ Պայքարը շարունակվելու է թե իրավական, թե հանրային, թե քաղաքական հարթություններում»,- ասաց նա։
Չալաբյանը հայտնեց, որ իրավական հարթության մեջ դատավճիռը բողոքարկելու են՝ անհրաժեշտության դեպքում անցնելով դատական բոլոր ատյանները, հասնելով ՍԴ, ապա նաև՝ ՄԻԵԴ։
«Այս դատավճիռը որևէ կերպ չի չի կարող ազդել մեր վճռականության վրա։ Մենք այս իշխանության պարտվողական քաղաքականության դեմ ինչպես պայքարել ենք ողջ տարվա ընթացքում, շարունակելու ենք, ավելի վճռական ենք լինելու»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ավետիք Չալաբյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակման, ըստ որի՝ նրան արգելվել է կազմակերպել և մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումներրի, ինչպես նաև փոխել բնակության վայրը առանց պատժի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի տեղեկության։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Դատավոր Մացոն մեղադրական դատավճիռ կայացրեց Չալաբյանի դեմ
- Ավետիք Չալաբյան. Դատարանը, գործող իշխանությունների հրահանգով, փորձում է սահմանափակել իմ հանրային-քաղաքական գործունեությունը
- Ավետիք Չալաբյանը պատժվեց ազատության սահմանափակմամբ
- Հատուկ ուզում եմ նշել դատախազի շատ պարադոքսալ միտքը ծանրացուցիչ հանգամանքի մասին. Չալաբյան
- Դատախազը միջնորդեց Չալաբյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս Ժամկետով
- Դատախազի խնդրանքով Ավետիք Չալաբյանի գործով նիստը հետաձգվեց