Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին
Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, այնուհետև Տերունական աղոթքից հետո լուսարարապետ Սրբազան Հայրը, սարկավագաց դասի անունից շնորհավորելով Նորին Սրբությանը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի կապակցությամբ, հայցեց Հայոց Հայրապետի օրհնությունը։
Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ Սուրբ Ստեփանոսի` քրիստոնեական եկեղեցու առաջին նահատակի անձին ու կերպարին՝ ընդգծելով, որ յուրաքնչյուր հոգևորական պետք է իր մեջ կրի նախասարկավագի նվիրումի և նահատակության ոգին։ Հայոց Հովվապետը սարկավագաց դասին պատգամեց, որ Սուրբ Ստեփանոսի նվիրումը, հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին, անձնվիրաբար քարոզեն Քրիստոսի ավետարանը՝ փառավորելով Խաչյալ Տիրոջը:
Նորին Սրբությունը հորդորեց նաև նմանվել իրենց եկեղեցական այն եղբայրներին, ովքեր նվիրումով ու քաջությամբ, իրենց կյանքը չխնայելով, նախասարկավագի անձնազոհության բարձր գիտակցությամբ առաջնագծում կանգնած են եղել հայ զինվորի կողքին, գոտեպնդել ու քաջալերել վերջիններիս։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Դադիվանքում հանձնառությամբ, քաջարի ոգով և սիրով, դժվար ու ծանր պայմաններում ծառայություն բերած սարկավագներին:
Հայոց Հայրապետը նաև կարևոր նկատեց սարկավագների հոգեխնամ առաքելության իրականացումը հայրենազրկված արցախցիների նկատմամբ՝ պատգամելով ամեն ջանք ներդնել նրանց աջակցություն ցուցաբերելու համար։
Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված մշտապես ոգեշնչի, խանդավառի և գոտեպնդի սարկավագաց դասին՝ իրենց ծառայությունը լավագույնս արդյունավորելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան