Լիահույս եմ, որ մինչ տարվա վերջ Արցախի իշխանությունները կընդունեն իմ կարծիքով միակ ճիշտ որոշումը.Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է
«Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանին։ Ծանոթանալով իրեն հղված բաց նամակիս բովանդակությանը՝ պարոն Նախագահը խնդրել է ավելի հանգամանալից ներկայացնեմ իմ դիրքորոշումն ու փաստարկները։ Պետք է շատ անկեղծ ասեմ՝ զրույցի ընթացքից գոհ եմ։ Սամվել Շահրամանյանը կանգնած է դժվար որոշում կայացնելու անհրաժեշտության առջև և այս փուլում ցանկանում է ծանոթանալ բոլոր կողմ և դեմ փաստարկներին։
Վստահ եմ՝ իմ մոտեցումներն ընդունելի էին նրա համար։ Սակայն իր մտահոգություններն էլ են ծանրակշիռ։ Ես շնորհակալ եմ պարոն Շահրամանյանին այս քննարկման համար։ Լիահույս եմ, որ մինչ տարվա վերջ Արցախի իշխանությունները կընդունեն իմ կարծիքով միակ ճիշտ որոշումը և կհայտարարեն Սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկման մասին։
Սիրելի հայրենակիցներ, բայց որպեսզի այդ որոշումը կայացվի, մեզնից յուրաքանչյուրը նույնպես կարևոր անելիք ունի։ Մենք պետք է կանգնենք Արցախի պետականության և նրա իշխանությունների թիկունքին։ Վստահ եմ՝ շատերդ եք տեսել, թե ինչ արշավ է սկսվել Արցախի դեմ։ Թշնամին ուզում է, որպեսզի 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը լուծարվի։ Ես կարծում եմ, որ բոլորիս պարտքն է ամեն կերպ խոչընդոտել կործանարար այդ ընթացքին։ Պետք է դիմակայել հակաարցախյան քարոզչության բոլոր դրսևորումներին և հորդորել Արցախի քաղաքական վերնախավին մինչև վերջ դիմակայել ամեն տեսակ դժվարություններին՝ փրկելու պետականության փշրանքները։ Վստահեցնում եմ՝ այդ սերմերն անպայման պտուղ են տալու»։
Հարակից հրապարակումներ`
- Ներքին ու արտաքին թշնամու ծրագրերին այսօր կարող եք խոչընդոտել միայն Դուք. Մելիք-Շահնազարյանի նամակը՝ Արցախի նախագահին
- Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1 -ից Արցախը չի լուծարվելու. Սամվել Շահրամանյանի խորհրդական
- Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները. Շահրամանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին