«Mr. Freeman» Սերիալի հեղինակ Պավել Մունտյանը հետախուզվում է
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Mr. Freeman» մուլտսերիալի հեղինակ Պավել Մունտյանին։ Նրա անունով բացիկ է տեղադրվել հետախուզվողների տվյալների բազայում։
Հոկտեմբերին Պավել Մունտյանի դեմ քրեական գործ է հարուցվել ռուսական բանակի դեմ կեղծիքների տարածելու հոդվածով (ՌԴ ՔՕ 207.3 հոդվածի 2-րդ մասի «դ» կետ)։ Դեկտեմբերի 19-ին նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել ռուսական բանակը վարկաբեկելու հոդվածով (ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.3.3-րդ հոդվածի 1-ին մաս):
1998-2000 թվականներին Պավել Մունտյանն աշխատել է Մոսկվայի կառավարությունում հասարակայնության և միջտարածաշրջանային կապերի բաժնում։ 2008 թվականին նա դարձել է Toonbox անիմացիոն ստուդիայի համահիմնադիր, իսկ 2009 թվականին թողարկել է «Mr. Freeman»։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների սկզբում Պավել Մունտյանը հանդես է եկել ի պաշտպանություն Կիևի և հիմնադրամ է հիմնել Ուկրաինայի զինված ուժերին օգնելու համար միջոցներ հայթայթելու նպատակով։ Այժմ Պավել Մունտյանը գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս։