«Ժողովուրդ». ՌԴ իշխանությունները շատ լուրջ են տրամադրված և Փաշինյանից պահանջելու են կոնկրետ պատասխաններ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ: Նիկոլ Փաշինյանն այնտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը սա լավ հնարավորություն է համարել տևական դադարից հետո Փաշինյան-Պուտին շփման համար: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի՝ ՌԴ այցը սպասված է հատկապես ռուսաստանյան իշխանությունների կողմից, քանի որ նրանք շատ հարցեր ունեն Փաշինյանին, ու ՌԴ նախագահն անձամբ պարզաբանումներ ունի ստանալու Փաշինյանից:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ իշխանություններն այս անգամ շատ լուրջ են տրամադրված և Փաշինյանից պահանջելու են, որ ոչ թե հերթական կցկտուր ու լղոզված պատասխանները տա, այլ հստակ ու կոնկրետ պատասխաններ՝ ՌԴ-Հայաստան համագործակցության ու հարաբերությունների մասին, որոնք, թերևս, գերլարված իրավիճակում են:
Ուշագրավ է նաև, որ Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ խուսափում էին Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպված բոլոր հանդիպումներից, բայց հիմա, կարծես, Փաշինյանի իշխանությունը զղջացել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ոչնչացնելու գաղափարից ու որոշել վերականգնել դրանք: Այս առումով Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցը, կարելի է ասել, պատմական է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։