Մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա Արցախի Հանրապետության չեղարկելու համար. Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրն, ի սկզբանե, առոչինչ է։ Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հստակ հայտնել է, որ նման փաստաթուղթ, որը կարող է լուծարել Արցախը գոյություն չունի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Սա երկրի նախագահի հայտարարությունն է, անկախ նրանից, թե ով՝ ինչ է շահարկում այդ փաստաթղթի առումով, մենք պետք է հստակ գիտակցենք, որ Արցախը կա ու Արցախի պետական ինստիտուտները շարունակում են գործել, որովհետև Արցախի համար սկսված ազգային ազատագրական պայքարը ոչ մեր սերունդների պայքարն էր, ոչ էլ մեր սերունդն իրավունք ունի այդ հարցը փակելու»,- արձանագրեց արցախցի պատգամավորը։
Հարցին, թե արդյոք այդ փաստաթղթի չեղարկման անհրաժեշտությունը կա՞՝ պատգամավորն արձանագրեց, որ նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բայց որևէ պաշտոնական հրապարակում չի եղել Արցախը լուծարելու մասին։ «Ուստի, այդ «փաստաթուղթը» ով կփորձի շահարկել և որպես Արցախի համար վերջնագիր ներկայացնել հանրությանը՝ նա Ադրբեջանի գործակալ է։ Մենք միջազգային և բոլոր հարթակներում անելու ենք ամեն ինչ՝ մեր վերադարձի իրավունքը, մեր անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի մենք վերադառնանք մեր հայրենիք, սրանով հենց Արցախի իշխանությունները պետք է զբաղվեն»,- նշել է Դավիթ Գալստյանը։
Անդրադառնալով քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հայտարարությանը, թե Արցախի իշխանությունները որոշել են այդ «փաստաթուղթը» չեղարկելու համար դիմել Բարձրագույն դատարան՝ Գալստյանն ընդգծեց, որ մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա, որպեսզի իրենք ավելի լավ կողմնորոշվեն, թե որ ճանապարհով այդ չեղարկումը մատուցեն հանրությանը, քանի որ այն ի սկզբանե առ ոչինչ է՝ թե իրավական, թե բարոյական առումով։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իշխող քաղաքական ուժն ու նրանց որոշ արբանյակները ամեն կերպ փորձում են Արցախի հարցը վերջնական փակել, բայց իրենք էլ հասկանում են, որ Արցախի հարցը իրենց իրավասությունների շրջանակում չէ։ «Ոչ մի իշխանություն, ոչ մի պաշտոնյա իրավունք չունի Արցախի հարցը փակել, բայց իրենք ստեղծում են արհեստական խոչընդոտներ Արցախի պետական ինստիտուտների գոյության համար, բայց որևէ մեկն այսպես էլ չի կարողանում հստակ բացատրել, թե որն է վտանգը։ Ես համոզված եմ, որ խաղաղության պայմանագիրը չի լինելու, քանի որ հիմա Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնում ստորագրել այն և անընդհատ նոր նախապայմաններ է առաջ քաշում, բայց ՀՀ իշխանությունները փորձում են մեղավորներ փնտրել և խաղաղության պայմանագրի չլինելու մեղքը բարդել Արցախի իշխանությունների և պետական ինստիտուների գոյության վրա»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վ. Գրիգորյան. Չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդական
- Ժողովրդի հանրաքվեով ստեղծված Արցախի պետական ինստիտուտները պետք է գործեն. Դավիթ Գալստյան
- Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1 -ից Արցախը չի լուծարվելու. Սամվել Շահրամանյանի խորհրդական
- Հայաստանի իշխանություններն իրենց երախտագիտությունն են հայտնում Ադրբեջանին և Թուրքիային. Դավիթ Գալստյան