Տոնական համերգներ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Pour toi Arménie» խորագրով համերգը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը: Համերգի հատուկ հյուրն է լիբանանցի երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը, ով հայտնի է Ազնավուրի երգերի կատարումներով և հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես գալիս Եվրոպայում: Համերգին մասնակցում են նաև հայ անվանի էստրադային երգչուհիներ Սյուզաննա Մելքոնյանը և Նաիրա Մանուչարյանը:
Համերգի կազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ազնավուրի երաժշտությունը կհնչի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:
Բացի Ազնավուրին նվիրված «Pour toi Arménie» համերգից, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու հետևյալ տոնական համերգները՝ դեկտեմբերի 26-ին՝ «Christmas Jazz», դեկտեմբեր 28-ին՝ «Home Alone in Concert» (ֆիլմի երաժշտությունը՝ ուղեկցվող կադրերով), հունվարի 13, 14-ին՝ «Christmas Sinatra»`աֆրոամերիկացի վառ ու խարիզմատիկ երգիչ Մարվին Մոնեկեի (Մեծ Բրիտանիա) և Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին