Արցախից բռնի տեղահանված 17 հազար աշակերտներ սովորում են ՀՀ դպրոցներում
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար երեխաներ սովորում են ՀՀ դպրոցներում, որոնց համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր և գրենական պիտույքներ: Ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Բոլոր այն երեխաները, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների, հոգեբանների կարիք, մասնագիտական աջակցություն են ստանում»,- նշեց նա:
Նախարարի ներկայացմամբ, հաջորդ ուղղությունը ուսանողների կրթության ապահովումն է, և շատ արագ՝ հոկտեմբերի 12-ին, Կառավարության որոշմամբ հատատվեց կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել Լեռնային Ղարաբաղի բուհերում և քոլեջներում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել ՀՀ համապատասխան հաստատություններում և կրթաթոշակի միջոցով փոխհատուցել նաև նրանց ուսման վարձը: Ավելի քան 1800 ուսանողներ իրենց կրթությունը շարունակում են ՀՀ բուհերում և ավելի քան 1000 ուսանողներ՝ քոլեջներում և ուսումնարաներում։
Ժ. Անդրեասյանն անդրադարձավ նաև ԼՂ այն ուսանողներին, որոնք սովորում էին ՀՀ հաստատություններում. «Նրանց ուսման վարձը վճարվում էր կա՛մ ԼՂ իշխանությունների կողմից, կա՛մ իրենց ընտանիքների, որոնք նույնպես բռնի տեղահանվել են, և ֆինանսական աջակցության այդ հնարավորությունն այլևս չկա: Կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը վերաբերում էր այս խմբի ուսման վարձի փոխհատուցմանը. ծրագրի շահառու է դարձել ավելի քան 900 ուսանող: Արդեն իսկ հրապարակվել է հաստատությունների ցանկը, գումարները փոխանցված են բուհերին, քոլեջներին և ուսումնարաններին, որպեսզի այս ուսանողների ուսման վարձի համար փոխհատուցումներն արվեն: Այս աշխատանքները մենք շարունակելու ենք, որովհետև ընդունված որոշումը վերաբերում է 2023-2024 թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակին: Հաջորդ տարվա փոխհատուցման համար ևս համապատասխան միջոցներ են նախատեսված բյուջեում»:
Նա նաև հայտնեց, որ շուրջ 400 ուսուցիչներ` ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների 1/3–ը, արդեն աշխատում է ՀՀ կրթական համակարգում։ Նրանցից ավելի քան 200-ը գործուղվել են մարզեր, որոնց հատկացվում է աշխատավարձի 30 %-ի չափով հավելավճար: Որոշ մարզերում (Սյունիքում, Վայոց ձորում, ինչպես նաև Տավուշի, Գեղարքունիքի մի շարք համայնքներում) բացի հավելավճարից՝ գործուղված ուսուցիչները ստանում են նաև ամսական 50.000 դրամ հավելավճար՝ ի լրումն իրենց վարձատրության:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին