Արցախ վերադարձի պայմանը հզոր Հայաստանն է.Մարիամ Աթայան
Նորաստեղծ «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերությունն առաջին հերթին զբաղվելու է բռնի տեղահանված արցախցիներին Հայաստանում պահելու ուղղությամբ։ Ասուլիսում ասաց ՀԿ անդամ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Մենք պետք է կարողանանք սոցիալական, աշխատանքի, կացության հարցում օգնել, թեթևացնել արցախցիների բեռը, որպեսզի մեր հայրենակիցներին պահենք Հայաստանում՝ մեր հայրենիքի այս հատվածում։ Պետք է հստակ աշխատանք տարվի ոչ միայն լոկ խոսքերով, նաև գործնականում, որ մենք մի օր վերադառնալու ենք մեր հայրենիք»,- ասաց Դ.Գալստյանը։
Նա ընդգծեց՝ Արցախը համայն հայության հայրենքն էր և այսօրվա իրենց աշխատանքն ուղղված է ոչ թե արցախցիների՝ Արցախ վերադառնալու ուղղությամբ, այլ հայը վերադառնա Արցախ, որպեսզի մենք կարողանանք մեր Արցախ աշխարհը պահենք հայկական։
«Կան խոչընդոտներ, խնդիրներ, բայց սա այն քայլերից է, որ պետք է քայլ առ քայլ խնդիրները հաղթահարելով փորձել անել այն ամենը, ինչ կախված է յուրաքանչյուրիցս»,- ասաց Դ. Գալստյանը։
ՀԿ անդամ Մարիամ Աթայանն ասաց, որ չպետք է դառնան կոտրված ազգ, պետք է դադարեցնել ողբը, օրվա հրամայականն է մշակել համահայկական նոր օրակարգ, աշխատանքի նոր ձևաչափեր և բովանդակություն։
«Այս ճանապարհին շատ կարևոր է Հայաստան-Արցախ-Սփյուռք համաժողովի անցկացումը, որը պետք է մշակի համահայկական նոր օրակարգ։ Մենք վստահ ենք, որ Արցախը միայն արցախցու հայրենիքը չէ, այլ ողջ հայ ազգի և հայկական Արցախ վերադառնալու իրավունք պետք է ունենա ոչ միայն արցախցին, այլ յուրաքանչյուր հայ և այդ վերադարձի պայմանը հզոր Հայաստանն է»,- ասաց նա։
Մ. Աթայանն ասաց, որ իրենց կազմակեպությանը միացել են այլ կազմակերպություններ, ֆիզիկական անձինք. «Այս նախաձեռնությունը պետք է նոր թափ առնի, իրականացվի մեր տեսլականները՝ վերածվելով համահայակական նոր օրակարգի։ Կոչ ենք անում միանալ ՀԿ աշխատանքներին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան