Ժաննա Ալեքսանյան. ԶՈւ-ում 75 մահվան դեպքը խոսում է այն մասին, պահպանվում է անպատժելիության և կրիմինալ մթնոլորտը
«Անցած հինգ տարիներին ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերն ավելացել են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առումով ոչինչ չի փոխվել։
Նա տարվա ընթացքում հավաքել ու ի մի է բերել զինծառայողների մահվան վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունները։ Այս պահին, ըստ նրա ունեցած տվյալների, 75 մահվան դեպք է գրանցվել։
«Սա արտառոց է՝ հատկապես հաշվի առնելով, որ պատերազմում նման կորուստներ ենք ունեցել։ Սա նշանակում է, որ իշխանությունները չեն մտածում մարդկային կյանքերի մասին։ Բացի այդ, մահվան փաստով հարուցված քրեական գործերը չեն բացահայտում այդ դեպքերը։ Այսինքն, դատախազությունը, որ պետք է իրականացներ վերահսկողություն, անգործության է մատնված։ Քննչական կոմիտեի մասին էլ չասեմ, խայտառակ վարկածներ են առաջ քաշում՝ ինքնասպանության, որոնք ևս չեն բացահայտվում»,-նշեց իրավապաշըպանը միաժամանակ ընդգծելով արդար քննության իրականացման կարևորությունտ, քանի որ դրանք նաև կանխարգելիչ նշանակություն ունեն։
Ալեքսանյանի համոզմամբ, զինված ուժերում շարունակում է պահպանվել «անպատժելիության, կրիմինալ» մթնոլորտը։
«Այս տարի հուլիս-օգոսոտս ընթացքում տասը մահվան դեպք գրանցվեց։ Նույն օրվա ընթացքում երկուական դեպքեր գրանցվեցին տարբեր զորամասերում։ Սա խոսում է վատ վերահսկողության մասին, և որևէ մեկը՝ Պապիկյանից սկսած չեն մտածում փոխել այդ իրավիճակը։ Նրանք հայտարարում են՝ բարեփոխումներ են իրականացնում։ Եթե բարեփոխումներ իրականացվեին, մեկ ամսում մահվան տասը դեպք չէր կարող գրանցվել, սա վկայում է անգործության մասին»,-ասաց իրավապաշտպանը։
Պատերազմից հետո բանակի ուժեղացման, կարգ ու կանոնի խստացման, պատերազմի ընթացքում ծանր հոգեբանական սթրես տարած, ապրումներ ունեցած ու ծառայությունը շարունակած զինծառայողների հետ աշխատանքի, նրանց ոգին բարձրացնելու փոխարեն, նրա խոսքով, որևէ բան չի արվել։
«75 մահվան դեպքը ինչի՞ մասին է խոսում»,-ասաց նա։
Իրավապաշտպանն ահազանգեց՝ մարդու իրավունքների համատարած խախտումներ են արձանագրվում նաև ՔԿՀ-ներում՝ հատկապես ցմահ դատապարտյալների դեպքում։
«Այնտեղ կան մարդիկ, որոնց հիվանդությունները, ըստ կառավարության որոշման, անհամատեղելի են պահման պայմանների հետ։ Որոշմնա համաձայն, պետք է ազատ արձակվեն, սակայն չեն արձակվում։ Բանտարկյալներն ունեն առողջական խնդիրներ, սակայն դրանց հետ կապված սպասարկում չեն ստանում։ Քրեակատարողական հիմնարկներից շատ են բողոքները»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է 2023-ին Հայաստանում ընդհանուր առմամբ մարդու իրավունքների պաշտպանության հարցին, ապա, ըստ Panorama.am-ի զրուցակցի, այս առումով ևս նահանջ է գրանցվել։
«Ընդհանրապես մարդու իրավունքները չեն հարգվում։ Մենք տեսանք ոստիկականական բռնություններ, «Պոլիգրաֆ» ակումբի վրա հարձակում, աշխատակիցներին ոստիկանության բաժիններում խոշտանգումների ենթարկում, տեսանք՝ ցույցերի ընթացքում ինչպես են ոստիկաները բռնության ենթարկում մասնակիցներին, տեսանք, թե ինչքան մարդ են կալանավորում, ազատազրկում՝ չունենալով ապացույցներ, ես այդ առումով հետևել ու լսել եմ փաստաբանների հայտարարությունները։ Այս իրավիճակում ի՞նչ խոսք կարող է լինել մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Չեմ էլ ակնկալում, որ կարող է լինել, քանի որ չեմ տեսնում այս առումով իշխանությունների մտահոգությունը»,-տարվա ընթացքում տեղի ունեցած խախտումները թվարկեց տիկին Ալեքսանյանը։
Այս իրավիճակում իրավապաշտպանի հորդորի միակ հասցեատերը դառնում է քաղաքացին՝ չհանդուրժել առկա իրավիճակը, պայքարել հանուն իր իրավունքի։
«Մարդիկ պետք է պայքարեն, սա իրենց երկիրն է, այստեղ պետք է ապրեն ազատ ու պաշտպանված իրավունքներով։ Հիմա ավելացել են նաև տեղահանված արցախցիների խնդիրները, և ես տեսնում եմ, թե պետությունն ինչ անտարբերությամբ է վերաբերվում այդ մարդկանց խնդիրներին։ Ես այս ղեկավարությունից չունեմ ակնկալիք, որ նրանք ինչ-որ բան կփոխեն, չեմ տեսնում այդ ցանկությունը, խախտված իրավունքով մարդու մասին մտահոգվելը։ Շատ եմ ցավում այս իրավիճակի համար»,-խոսքն ամփոփեց Ժաննա Ալեքսանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան