Էմոցիաներն այստեղ երբեմն խանգարում են. Նախարարը՝ «Հայոց պատմության» դասագրքի շուրջ հնչած դիտարկումների մասին
«Նոր տպագրված 30 դասագրքեր են այս տարի մտել դպրոցներ, հիմա սպասում ենք հեղինակների արձագանքներին, որպեսզի կարողանանք ներկայացնել լրացուցիչ փորձաքննության»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, հասկանալով, որ նոր տպագրված դասագրքերի հետ կապված կարող են հարցեր հնչել, հենց սկզբից պայմանավորվածություն են ունեցել դասագրքերի հեղինակների հետ, որ հավաքագրեն այն բոլոր խնդիրերը, որոնք բարձրաձայնվում են, ներկայացնեն անհրաժեշտ լրամշակումների ծավալը, որոնք պետք է երկրորդ կիսամյակից արված լինեն։
Ինչ վերաբերում է կոնկրետ «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքին, նախարարն ասաց. «Կային մասնագետներ, որոնք հանրային բարձրաձայնեցին իրենց դիտարկումները, կային նաև մասնագետներ, որոնք եկան նախարարություն ու ներկայացրեցին իրենց մասնագիտական դիտարկումները։ Ուզում եմ շնորհակալության հայտնել այդ մարդկանց, քանի որ եթե մարդն ունի ասելիք, միշտ պատրաստ ենք լսել նրանց ու պարտադիր չէր այն ոճը, որն ընտրել էին շատերը։
Ունենք հետևյալ պայմանավորվածությունը. սպասում ենք հեղինակի կողմից ամբողջական անդրադարձի։ Լինելու է մի աղյուսակ՝ հնչած դիտարկումները, հեղինակի արձագանքը, ընդունել է, թե ոչ, եթե այո՝ հիմնավորի փաստարկված ու մասնագիտական դաշտում, եթե ոչ՝ կրկին հիմնավորի։
Պայմանավորվել ենք այդ ամփոփաթերթը հասանելի կլինի բոլորին, ովքեր դիտարկումներ են ներկայացել, որպեսզի տեսնենք, թե հեղինակն ինչպես է արձագանքել և նախարարությունն այդ ամբողջական փաստաթուղթը կուղարկի երրորդ անկախ կարծիքի, որպեսզի որպես նախարարություն ունենանք մասնագիտական վերջնական եզրակացություն արվելիք փոփոխությունների և դրանց նպատակահարմարության մասին»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Նա նշեց, որ էմոցիաներն այստեղ երբեմն խանգարում են, որպեսզի իրենք տեսնեն իրական աշխատանքային պրոցեսը, իսկ աշխատանքային պրոցեսը մեկն է՝ կան նոր դասագրքեր, որոնք անցնում են փորձարկում, ի հայտ են գալիս փոփոխությունների կարիք, դրա արդյունքում կլինեն ավելի լավ դասագրքեր։
Անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշմանը՝ «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ, նախարարն ասաց, որ նախարարությունը հարգում է եկեղեցու դիրքորոշումը. «Կրթության կազմակերպում է պետությունը՝ հաշվի առնելով մասնագիտական կարծիքները և առաջնորդվելով կրթությունը կազմակերպելու մանկավարժական արդյունավետ մոտեցմամբ»:
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ նախօրեին Մայր Աթոռի կողմից նախարարությունը ստացել է նամակ, որը, ինչպես մյուս բոլոր մասնագիտական դիտարկումները, կներառվի անկախ փորձագիտական գնահատման ուղարկվող փաստաթղթում:
««Հայոց պատմություն» առարկայի՝ չափորոշիչներին համապատասխան դասավանդման մոտեցումներն ուղիղ կապված են մեր պետության շահերի, հայրենասեր քաղաքացու դաստիարակության սկզբունքների հետ, և այդպիսին է ամբողջ հանրակրթության պետական չափորոշիչը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Պատասխանելով ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերի մասին հարցին, ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ հանրակրթական դպրոցների՝ ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, և գրքերը բաշխվել են դպրոցներին:
«Փորձաքննությունն ունի շատ պարզ նպատակ. դպրոց մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննված լինի, և դա ստանդարտ ընթացակարգ է: Հաշվի առնելով, որ այս տարվանից նոր չափորոշիչը ներդնում ենք ՀՀ դպրոցներում, այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ-ից, բնականաբար, պետք է անցնեին փորձաքննություն՝ հասկանալու, թե որքանով են համապատասխանում մեր հանրակրթության չափորոշչին»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով, ռուսական կողմին առաջարկվել է ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասագրքերի տրամադրումն այսուհետ ապահովել ՀՀ դպրոցներում կիրառվող, ՀՀ կրթական չափորոշիչներին համապատասխանող դասագրքերի՝ ռուսերենով տարբերակների տրամադրմամբ:
«Համապատասխան աշխատանքային խմբերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի այսպիսի հարցեր հետագայում չառաջանան»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ. Դադարեցնել «Հայոց պատմություն» դասագրքի կիրառությունը և ձեռնամուխ լինել նոր դասագրքի պատրաստման աշխատանքների
- Եկեղեցու հետ չգործակցելը՝ խոսում է այս իշխանությունների ամբարտավանության արդեն հիվանդագին դրսևորումների մասին. Միքայել սրբազան
- Տպավորություն է, որ փորձ է արվում պատմությունը մեզ մոտ շարադրել արտաքին պահանջներին ու ճաշակներին համապատասխան. Արշակ սրբազան
- «Հայոց պատմության» դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական, հոգևոր կյանքի պատմական կարևորագույն դեպքերը
- Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը
- Պատմաբանները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակի ու նախարարի ներկայությամբ մատնանշել են գրքում առկա անճշտությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան