«Ժողովուրդ». Ինչու են Հայկուհի Հարությունյանին հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննել:
Ըստ ամենայնի, վերջինս նախաքննական մարմնում հայտնել է այն, ինչի մասին հրապարակային խոսել է Ազգային ժողովի ամբիոնից։ Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում և, դրանով պայմանավորված, իր նկատմամբ ճնշման դեպքի մասին է։
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։ «Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետևելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից, որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր... Արժանացել է բացասական եզրակացության, և դա անհանդուրժելի է նաև... Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ և փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա՝ որպես երևույթ, ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, և պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է... Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հեղ.) այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, և նաև այցելեց հանձնաժողով, և 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաև պարոն Աղաջանյանի խոսքերը, և շնորհակալություն նաև իրեն. դա մեր և մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, և նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,- ասել էր նա։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում