«Ժողովուրդ». Իշխանությունները որոշել են հաշիվներ մաքրել «Բալասանյան» դաշինքի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխանությունները որոշել են կոշտ ձևով ու ճնշումներով հաշիվներ մաքրել Գյումրու ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Բալասանյան» դաշինքի հետ: Թեև այդ դաշինքը ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագրով իշխում էր Գյումրիում, սակայն օրեր առաջ ՔՊ-ն հայտարարեց, որ Գյումրիում միակողմանի խզում է կոալիցիան «Բալասանյան» դաշինքի հետ։
Ըստ նրանց՝ պատճառը ստվերային կառավարումն է ու պայմանավորվածությունների խախտումը: Թե ինչ ստվերային կառավարում է իրականացվել, ՔՊ-ից այդպես էլ չեն հստակեցրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այսքանով չեն սահմանափակվել, որոշել են ուժեղ ճնշումներ բանեցնել ու հաշիվներ մաքրել «Բալասանյան» դաշինքի ու նրա առաջնորդ Սամվել Բալասանյանի, նրա որդիների հետ: Բանը հասել է այնտեղ, որ իշխանությունները պաշտոնից հետ են կանչել Բալասանյանի ավագ որդուն՝ Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանին, որն այդ պաշտոնում նշանակվել էր այս ամռանը:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նաև ԱԳՆ, որտեղից հստակ պատասխան չստացանք։ «Դեսպանների հետկանչը կամ նշանակումն իրականացվում է ՀՀ նախագահի հրամանագրով, որի հրապարակման ժամանակ նաև ապահովվում է հանրային իրազեկում»,- ասացին արտաքին գերատեսչությունից: Այդպիսի իրազեկում, իհարկե, չի եղել, Բալասանյաններն էլ վստահեցրին, որ նման բան չկա, բայց Գյումրիից մեզ փոխանցում են, որ շուտով հայտնի կդառնա, որ Միսակ Բալասանյանին հետ են կանչել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։