Իրանի ԱԳ նախարարն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկրների միջև հարաբերությունների ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են «Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները, համագործակցության և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշ հարցեր»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Աբդոլլահիանը «ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար և ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։
Իրանական կողմի հայտարարության համաձայն՝ զրույցի ընթացքում Լավրովը հաստատել է Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը։ «Ռուսաստանն անկեղծորեն, ազնվորեն և անվերապահորեն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը։ Սա Մոսկվայի անփոփոխ դիրքորոշումն է», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի համատեղ մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք նաև որ նախօրեին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկումներ տեղի ունեցել են։
«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»,- ասել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է այս ամենի մասին ասելու Միշելին, Շոլցին ու Մակրոնին Փաշինյանը
- Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր.Նազելի Բաղդասարյան
- Դեկտեմբերի 27-ին Հայաստանում է գտնվելու Իրանի արտաքին գործերի նախարարը.ՀՀ ԱԳՆ
- Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
- Փաշինյանը սեղմել է Ալիևի ձեռքը