Վահե Դոխոյան. Պատրաստ ենք սկսել քննարկումներ ժողովրդավարությունը և սահմանադրականությունը Վանաձորում վերականգնելու հարցի շուրջ
Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը նամակ է ուղարկել Վանաձոր համայնքի ավագանու խմբակցությունների ղեկավարների էլեկտրոնային հասցեներին։ Նամակը հրապարակել է նաև ֆեյսբուքյան իր էջում.
«Վանաձոր համայնքի ավագանու հարգելի գործընկերներ,
Տևական ժամանակ է, որ մենք պարտավոր ենք ընտրել Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար, սակայն օրենսդրությամբ մեր վրա դրված պարտականությունը պարզապես չենք կատարում։ Հիշեցնելու համար նշեմ, որ դատական արգելանքը, որի հետևանքով մենք ոչ իրավաչափ եղանակով զրկված էինք համայնքի ղեկավար ընտրելու՝ վանաձորցիների կողմից մեզ պատվիրակված իրավունքից՝ վաղուց վերացել է։ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու իրավունքը ոչ թե ավագանուն է պատկանում, այլ՝ վանաձորցիներին, իսկ ավագանու համար համայնքի ղեկավար ընտրելը պարտականություն է, որը ստանձնել ենք հենց վանաձորցիների ուղիղ քվեարկություն-հանձնարարությամբ։
Օրենսդրական և դատական աճպարարություններով գործող իշխանությանը հաջողվել է երկու տարի մեզ արգելել իրացնելու վանաձորցիների քվեն, սակայն դատական վերջին ատյանի կողմից վերջնականապես լուծվեց նաև այս խնդիրը և այլևս մենք ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք հրավիրել ավագանու առաջին նիստը և ընտրել համայքնի ղեկավար։ Սա չանելն օրենսդրության խախտում է, որը, ինչպես տեսնում ենք, տևական ժամանակ է տեղի է ունենում։
Հետևաբար, եթե մենք իզորու չենք կատարելու վանաձորցու հանձնարարությունը մեզ, այն է ընտրել համայնքի ղեկավար, ապա պետք է համարենք և ընդունենք, որ անզոր ենք և ոչ լեգիտիմ, իսկ այդ դեպքում՝ մեր գործունեությունն ավագանու այսպիսի կազմով չի կարող շարունակվել։ Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի վանաձորցին որոշի, թե մեզանից ով ինչով պետք է զբաղվի ապագայում։ Վանաձորցին պետք է որոշի, թե մեզանից ով է արժանի լինել ավագանու կազմում, և ով է անցնող տարիներին կորցրել վստահությունը։
Նշվածի միակ լուծումը նոր ընտրություններն են, քանի որ համայնքային կյանքը կանոնակարգելու և բարելավվելու վանաձորցու կամքը չի կարող արտայահտվել որևէ կառավարության կամ դրա ղեկավարի կամայականությամբ։ Վանաձորցին ինքն է իր քվեի տերը և իզորու է ինքնուրույն ընդունելու որշումներ։
Վանաձոր համայնքի ավագանու խմբակցության ղեկավարներ, ավագանու հարգելի անդամներ, այս պահից համարեք, որ որպես «Հայրենիք» խմբակցության ղեկավար՝ պաշտոնապես դիմում եմ ձեզ, յուրաքանչյուրիդ, առաջարկելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ընտրվի վանաձորցիների մեծամասնության վստահությունը վայելող քաղաքապետի թեկնածուն կամ Վանաձորում կայանան համայնքի ավագանու նոր ընտրություններ, և այդպիսով հնարավոր լինի վանաձորցուն վերադարձնել իր քվեն։
Հայտարարում ենք, որ պատրաստ ենք սկսել քննարկումներ ժողովրդավարությունը և սահմանադրականությունը Վանաձորում վերականգնելու հարցի շուրջ։ Ունենք համոզմունք, որ խնդիրը պետք է լուծվի Վանաձոր համայնքի բոլոր խմբակցությունների ավագանիների ջանքերով, ուստի՝ ակնկալում եմ Վանաձոր համայնքի բոլոր խմբակցությունների պաշտոնական արձագանքը սույն կոչիս»։