«Դիզելի» գործով դատական նիստին մեղադրյալների պաշտպանները ելույթ ունեցան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Հաջորդ դատական նիստին՝ հունվարի 24-ին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները հանդես կգան եզրափակիչ ճառով։
Այսօրվա նիստին ճառով հանդես եկան գործող մեղադրյալներ Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի պաշտպանները, որոնք միջնորդեցին դատարանին արդարացնող վճիռ կայացնել։
Նախորդ դատական նիստին հանրային մեղադրողն ընթերցել էր մեղադրական ճառը: Նա պահանջել էր ՀՀ 3-րդ նախագահ ՍերԺ Սարգսյանին ճանաչել մեղավոր ու ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով, Բարսեղ Բեգլարյանին ճանաչել մեղավոր և ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով, Գևորգ Հարությունյանին մեղավոր ճանաչել և ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով, քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ, խափանման միջոցները թողնել անփոփոխ, գույքի վրա կալանքը պահպանել մինչև քաղաքացիական հայցի լուծումը:
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին ազատել քրեական պատասխանատվությունից
- Սերժ Սարգսյանի գործով նիստին քաղաքացիական հայց ներկայացվեց՝ գումարի բռնագանձման պահանջով
- Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց «դիզելի գործով» վկայի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր
- Աշոտյան. Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «դիզելի գործի» էժանագին ֆարսի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին