Լիբանանցի երգիչ Ղասսան Յամմինի երազանքը վաղը կկատարվի Երևանում
Դեկտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Pour toi Arménie» խորագրով համերգը։ Համերգի հատուկ հյուրն է լիբանանցի երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը, ով հայտնի է Ազնավուրի երգերի կատարումներով: Համերգին մասնակցում են նաև հայ էստրադային երգչուհիներ Սյուզաննա Մելքոնյանը և Նաիրա Մանուչարյանը: Ազնավուրի երաժշտությունը կհնչի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:
Համերգի կազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Լրագրողների հետ զրույցում Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանն ասաց, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից առաջարկ է ստացել ղեկավարել համերգը ու սիրով համաձայնվել է։
«Մեր նվագախումբն շատ ավելի սպեցիֆիկ է փոփ երաժշտության ու ջազի ժանրում։ Մենք համերգին ցույց կտանք բարձր որակ։ Մեր կողմից լավ երգչուհիներ են մասնակցում՝ Նաիրա Մանուչարյանը և Սյուզի Մելքոնյանը։ Այսպիսի բուկետ է լինելու։
Իհարկե, Ազնավուրի երգերի կատարումը տղամարդու կողմից ավելի հաճելի է ինձ համար, բայց եթե կանայք երգում են ու լավ, ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ»,- ասաց նա։
Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի Նաիրա Մանուչարյանը նշեց, որ իր համար շատ հարազատ ու հետաքրքիր համերգ է, իր ողջ մասնագիտական կարիերայի ընթացքում երգել է Ազնավուրի երգերը։
Ղասսան Յամմինը խոստովանեց՝ երկար տարիներ կատարում է Ազնավուրի երգերը, բայց դրանք կատարել Հայաստանում, բոլորովին այլ զգացողություն է։ Նա կարծում է՝ Ազնավուրի երգերը հենց Հայաստանում պետք է կատարվի։
«Երկար տարիներ իմ երազանքն էր, որը վաղն իրականություն կդառնա»,- ասաց Ղասսան Յամմինը։
Նա պատմեց, որ դեռ փոքր տարիքից իրենց տանը լսել է Ազնավուրի երգերը, մշապես ցանկացել է անձամբ ծանոթանալ մեծանուն շանսոնյեի հետ. «Ունեինք ընդհանուր ընկեր։ Մի օր հարցրեց՝ կուզե՞ս ծանոթանալ Ազնավուրի հետ։ Ասացի՝ դա իմ երազանքն է։ 20 տարեկան էի, երբ ծանոթացա Ազնավուրի հետ։ Դրանից հետ հաճախ էինք հանդիպում, խոսում արվեստից, քննարկում»։
Ղասսան Յամմինը սկսել է կատարել Ազնավուրի երգերը՝ շանսոնյեի մահվանից մեկ օր առաջ՝ 2018 թվականի սեպտեմբերի 30-ին։
Նա նաև ասաց, որ Լիբանանում մշտապես իր դաշնամուրի ուսուցիչները եղել են հայեր, իր վոկալի ուսուցիչը եղել է Արաքս Չեքիջյանը՝ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի զարմուհին, ով առաջինն էր, ով բացահայտել է իր ու Ազնավուրի ձայնի միջև նմանությունները։
«Ասաց՝ եթե սկսես կատարել Ազնավուրի երգերը, մեծ դռներ կբացվեն քո առջև և այդպես էլ եղավ»,- նշեց Ղասսան Յամմինը։
Արաքս Չեքիջյանը Հայաստանում է և վաղը ներկա կգտնվի համերգին։
Մանրամասն՝ տեսանյությում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան