Սերժ Սարգսյան. Չգիտեմ, թե որ հարթակից որն ենք գնալու, բայց որ թռվռում ենք, փաստ է
«Սուտ է։ Ո՞ր ռեսուրսների մասին է խոսում, թող ավելի հստակ ասի»,-լրագրողների հետ զրույցում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարվազրույցում հնչեցրած հայտարարությանը, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ հարցազրույցում մասնավորապես ասել էր. «Օրինակ ասում են` ուժեր են եղել, ովքեր Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են, որ Հայաստանում պետականություն չկայանա: Սա ի՞նչ է նշանակում, շատ կարևոր է սրա մեկնաբանությունը: Շատ պարզ բան է նշանակում. մենք՝ բոլորս, ինձնից սկսած, նախորդներից վերջացրած, Հայաստանի Հանրապետության ռեսուրսների 70-80 տոկոսը կամ հիմա տոկոսային, մաթեմատիկական հաշվարկի մեջ չդնենք, առյուծի բաժինը դրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի վրա»:
«Լեռնային Ղարաբաղի բյուջեն ձևավորվում էր ինչպես իրենց ներքին հարկերի հավաքումից ու այլ միջոցներից,այնպես էլ Հայաստանից տրվող վարկով, որը կազմում էր մեր բյուջեի փոքր, չնչին մասը։ Այո, ես չեմ բացառում, որ այնտեղ լրացուցիչ ծախսեր են եղել, սպառազինության, զենքի ձեռքբերում և այլն, բայց դա առյուծի բաժին չի կարող լինել։ Փաստերով ապացուցված բան են։ Շատ ակնհայտ է։ Եթե նույնիսկ ռեսուրս պետք է դնեինք, իհարկե, մեր ազգային խնդրի լուծման համար պետք է դնեինք, պարտավոր էինք դնել»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով հարցին, թե իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետևանքով ո՞ր հարթակում է հայտնվելու Հայաստանը, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Չգիտեմ, թե որ հարթակից որն ենք գնալու, բայց որ թռվռում ենք, դա արդեն փաստ է»։
Գալիք տարում նա բոլորին մաղթեց խոհեմություն, տրամաբանություն, որպեսզի մարդկանց և իրադարձություների մասին դատեն ոչ միայն լսածով, այլ տեսածով։
«Այսինքն, մարդկանց դատենք ելնելով ոչ միայն իրենց խոսքերից, այլև իրենց գործերից։ Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է դադարենք հոռետեսությամբ ու վախերով համակված թաղել մեր ազգային ոգին ու արժանապատվությունը, մաղթում եմ, որ մենք հավատանք մեր ուժերին, հավատանք հաջողությանը, հաղթանակին, որովհետև առանց դրա ընդհանրապես երևի անիմաստ է մարդու համար ապրել, հասարակության համար գործել։ Մենք պետք է հավատանք մեր ուժերին, և վերջապես,ամենակարևորն է, մենք պետք է արժանի լինենք մեր նահատակների հիշատակին»,-մաղթեց Սերժ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Փաշինյանը ստում է
- Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան