Վահե Հովհաննիսյան. Կրթել՝ պարտադրանքով
«Խնդրում եմ, կոչ եմ անում Արցախի իշխանություններին և մեր պարկեշտ խմբագիրներին՝ տպագրել սեպտեմբերի 19-20 Արցախում զոհված 200-ից ավելի մեր հերոսների անունները։ Հասարակությունն ամենատոնական պահին պետք է խոնարհվի նրանց առաջ։ Հասարակությունները կրթվում են նաև ցավոտ պարտադրանքի միջոցով»,-գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով. «Հասարակությանը պետք է պարտադրել՝ շնորհակալություն ասել սեպտեմբերի 19-20 Արցախի դիրքերում ամուր կանգնած ՊԲ բոլոր զինծառայողներին. հասարակությունները բուժվում են նաև պարտադրվող քայլերով։
Այս կերպ, մենք պետք է առանց վախենալու, խոր մերժման, խոր անտագոնիզմի մեջ մտնենք այս օրերին պետական փողերով արվող «կորպորատիվկեքի» և դրանց մշակույթը կրողների հետ։
Չի կարող լինել համապետական սուգ, ողբ ու վիշտ, և հարևանությամբ՝ ճոխ պետական քեֆեր։ Սա հակաբնական է։
Սեպտեմբերի 19-20 Արցախում թուրքական 60 հազարանոց զորքի դեմ կանգնել է Արցախի ՊԲ-ն՝ լավ զինվորականներ ու կարգին մարդիկ, ու նրանք շատ լավ հասկանում էին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» ասողի իշխանությունն իրենց մենակ է թողնելու։ Սեպտեմբերի 19-20 Արցախում չի եղել ոչ մի դասալիք ու ոչ մի գերի։ Եղել է անհավասար կռիվ, գուցե՝ վերջին կռիվը, բայց՝ արժանապատիվ կռիվ, ու ադրբեջանական բանակը կրել է չափազանց լուրջ կորուստներ։
Այս ֆոնին այս իշխանության կողմից Երևանում տրվող մեդալներն ու շքանշանները մոտավորապես կարելի է բնորոշել «Արցախի անկման առիթով մարտական կիսալուսին»։
Տվողից հույս չկա, նրանից այլ բան ակնկալել պետք էլ չէ, բայց ստացողների մեջ, կարծում եմ, կան մարդիկ, ովքեր վաղը ծանր ներքին ապրումներ են ունենալու։
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երեկ ճիշտ ձևակերպեց. «…. Անբարոյական մարդը կարո՞ղ է ունենալ ամոթ: Անամոթությունն ամենամեծ անբարոյականությունն է: Հանրապետության հրապարակում տեղադրված այս տոնածառը խոսում է ոչ թե այս իշխանության շռայլության, այլ՝ անբարոյականությա՛ն մասին…»։
Իշխանությունները չգիտեմ, բայց շատ անհատներ վաղը ունենալու են ամոթի մեծ զգացում։ Հենց դա լինի, ուրեմն սկսվել է հասարակությունը առողջացումը։ Բազմաթիվ ժողովուրդներ պարտությունից հետո անցել են այս փուլով։ Իսկ այսօր պետք է գոնե պարտադրել հասարակությանը՝ հիշել, գնահատել, խոնարհվել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան