Հայաստանում ավելացել է ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված 2 նոր վտանգավոր տարածք
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ կողմից 2023 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված ևս 2 նոր հաստատված վտանգավոր տարածք՝ 3 190 188 մ² մակերեսով։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից հայտնում են, կենտրոնի ականազերծողները 2023 թվականի տարեկան պլանով նախատեսված 50 000 մ2 տարածքի փոխարեն Վայոց ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ, Կեչուտ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք, Գեղամասար բնակավայրերում պայթյունավտանգ զինամթերքներից մաքրել են ընդհանուր 234 192 մ² աղտոտված տարածք։ Մաքրված տարածքներում տեղադրվել են «Կանաչ պիտակ» ցուցանակներ՝ փաստելով, որ դրանք անվտանգ են, և հանձնվել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հետագա նպատակային օգտագործման համար։
2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա է 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածքներ։
Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։
«Մեր մասնագետները 2023-ին պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկման աշխատանքներ են իրականացրել ՀՀ Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում՝ ընդհանուր իրազեկվել է 5086 քաղաքացի։ ՀՀ բնակիչների անվտանգ վարքագծի պահպանման մակարդակն առավել բարձրացնելու նպատակով այս տարի իրազեկման գործընթացում ներգրավվել են նաև հասարակական կազմակերպություններ, որոնց կողմից իրազեկվել է 8570 քաղաքացի։ Ընթացիկ տարում, ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Արի՛ Ճամբար» հանգստյան գոտում ականային և պայթուցիկ զինամթերքի ազդեցություն կրող ՀՀ բնակավայրերի 60 երեխաների համար կազմակերպել է ամառային ճամբար, որտեղ՝ հանգստին զուգահեռ, երեխաներն ուսանել են անվտանգ վարքագծի պահպանման կանոնները։ Ընդհանուր առմամբ, 2023 թ.-ի ընթացքում իրազեկվել է 13 656 բնակիչ։
Ոչ տեխնիկական հետազոտության, մաքրման աշխատանքների, պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին զուգահեռ նաև իրականացվել է ականներից և պայթուցիկ զինամթերքից տուժածների տվյալների հավաքագրում։ 2023 թվականին ականից/չպայթած զինամթերքից տուժելու դեպք չի արձանագրվել։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից 805 տուժած»,-ամփոփելով անցնող տարին՝ հայտնում են կենտրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան