Քենեդի. ԱՄՆ կառավարությունը պետք է կազմակերպի և ապահովվի հայերի անվտանգ վերադարձը Արցախ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է արցախահայերի ինքնորոշման և վերադարձի իրավունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու հայտարարությունները
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հրապարակված տեսաուղերձով խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։
Ի թիվս այլնի, նախագահի թեկնածուն նշել է․ «Էթնիկ զտումների այս քաղաքականության դատարկ դատապարտումները բավարար չեն։ Ի տարբերություն 1915 թվականի ցեղասպանության, սա անշրջելի չէ։ ԱՄՆ կառավարությունը պետք է կազմակերպի և մոբիլիզացնի համաշխարհային հանրությանը՝ քայլեր ձեռնարկելու, որպեսզի ապահովվի հայերի անվտանգ վերադարձը Արցախ և պաշտպանելու նրանց ինքնորոշման իրավունքը։ Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցներն իրականում կարող են գործել: ԱՄՆ-ը դեռևս ունի լծակներ այդ տարածաշրջանում, և կարող է օգտագործել այդ ուժը՝ մոբիլիզացնելու տարածաշրջանի բոլոր ազգերին՝ շտկելու այս մարդասիրական ողբերգությունը:
Մենք պետք է ձգտենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացմանը։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող ժողովուրդ է, և նրան անհրաժեշտ է մուտք դեպի նավահանգիստներ և հարակից երկրներ»:
Մեկնաբանելով Քենեդու հայտարարությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է․ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ռոբերտ Քենեդի կրտսերի կոչերը՝ պատժելու Ադրբեջանին և սատարելու արցախահայության ինքնորոշման և իրենց հայրենիք անվտանգ վերադարձի իրավունքին։ Մենք առավելաբար գնահատում ենք նրա հայտնվելը որպես 2024 թվականի երրորդ կենսունակ տարբերակ ամերիկահայ ընտրողների համար, հատկապես հաշվի առնելով, որ նախագահական ամենահավանական թեկնածուներից երկուսը՝ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, զինել են Ադրբեջանի կողմից Արցախի քրիստոնյա հայերի ցեղասպանությունը»։
2․5 րոպե տևողությամբ տեսաուղերձը հրապարակվել է այսօր նախագահի թեկնածուի յութուբյան պաշտոնական քարոզարշավային ալիքում և հասանելի է նաև Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սոցցանցային օգտահաշիվներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան