Ցանքատարածությունների առումով խայտառակ վիճակ է, դրա ձայնը եկող տարի կլսվի. Աշոտ Հարությունյան
Նախորդ տարվա ընթացքում գյուղատնտեսությունը մնաց առանց պետական ուշադրության ու հոգածության։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց գյուղատնտես, նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
«Ոչ մի քայլ, ոչ մի նախաձեռնություն չեն արել կառավարությունն ու Ազգային Ժողովը գյուղատնտեսության կամ նման անվանմամբ գերատեսչություն բացելու ուղղությամբ։ Մինչդեռ աշխարհում չկա գեթ մեկ երկիր, որ չունենա գյուղատնտեսության նախարարություն։ Գյուղատնտեսությունը Հայաստանում կործանվել է»,-ասաց փորձագետը։
Հարությունյանի խոսքով, ոլորտի բոլոր ճյուղերում խնդիր կա՝ սկսած ձկնաբուծությունից մինչև սերմնաբուծություն։
«Ձկնաբուծության ոլորտում բարձրացվել է ջրի խնայողության հարց՝ առանց իրավիճակը վերլուծելու։ Եղած թվերն առնվազն յոթ տարվա վերլուծություններ են, դեռ այն ժամանակ ես ասել էի, դրանք ոչ հավաստի են։ Իսկ եթե տվյալները հավաստի չեն, նշանակում է՝ վերլուծությունը սխալ է, մյուս քայլերն էլ, որ պետք է բխեն, սխալ են»,-ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ միչ այսօր չեն ծատրվանող ջրերը կոնսերվացված չեն։
Գյուղատնտեսի խոսքով, առանց վերլուծության են առաջնորդվում նաև այլ ճյուղերում։ Օրինակ, սպանդանոցների դեպքում պետք է ապահովեին մսի տեղափոխումը ֆերմայից դեպի սպանդանոց, սպանդանոցից շուկա։
«Բայց այսօր, օրենքի կիրարկման հնարավարություններ չկան, նշանակում է, որ կազմակերպված ձևով անում են, որ այս ոլորտն էլ տուժի, ոչ մեկ չզբազվի անասնապահությամբ»,-ասաց Հարությունյանը։
Ըստ Panorama.am-ի զրուցակցի, խայտառակ պատկեր է ցանքատարածությունների նվազման առումով։
«Այսօրվա օպերատիվ ըվյալներով, Հայաստանում խայտառակ ցուցանիշներ են։ Մոտ 39 հազար հա ցանք է կատարված։ էն էլ էլի կասկածելի թվեր են։ Նման բան չի եղել, իսկ դա նշանակում է, որ պարենային ապահովության առումով խնդիր կունենանք, դրա ձայնը եկող տարի ենք լսելու»,-ասաց նախկին փոխնախարարը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղատնտեսն ահազանգում է՝ հորդորելով տավարի միսը երկար եփել
- Հայաստանում արտադրվող կարտոֆիլի 30 տոկոսը թափվում է. Գյուղատնտես
- Ուտում ենք ներկված, լաքապատված մանդարին. Գյուղատնտեսի ահազանգը
- Ինչն է խանգարում գյուղացուն որակյալ խաղող արտադրել