Մշակույթի գործիչները լռում են, որովհետև վախեցած են, չեն ուզում հարվածի տակ լինել. Տիգրան Ներսիսյան
ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի ցանկությունն է՝ 2024-ը չլինի կորուստների տարի, ինչպես 2023-ն է, չլինի ազգային արժեքների ոտնահարման ու հաղթանակների, ձեռքբերումների արժեզրկման տարի։ Սակայն, որպեսզի 2024-ը տարբերվի 2023-ից՝ նախ և առաջ անհրաժեշտ է օրվա իշխանության փոփոխություն։
Panorama.am-ի հետ զրույցում նա խոսեց իր ցանկությունների և մշակութային գործիչների՝ շատ հաճախ լռելու ու երկրում տեղի ունեցողի մասին չբարձրաձայնելու հարցերի շուրջ։
Ամփոփելով՝ 2023 թվականը, Տիգրան Ներսիսյանը գրել է.
«2023թ․դեկտեմբերի 29 . Կարող ենք ամփոփել տարին .
Հայրենիքի՝ Արցախի կորուստ․
Թշնամու զորքեր Հայրենիքի տարածքում․
Ցեղասպանված գաղթական հայրենակիցներ․
Բազմաթիվ զոհեր՝ զինվորականներ, քաղաքացիներ․
Գերիներ, անհետ կորածներ, թշնամու բանտերում հայեր․
Ազգային արժեքների ոտնահարում, ոչնչացում․
Հաղթանակների, ձեռքբերումների, հերոսների արժեզրկում․
Դատական, իրավական համակարգի տոտալ ապականում․
Քաղբանտարկյալների օրեցօր աճող անուն ազգանուններ․
Գիտության, Մշակույթի, Կրթության համատարած խեղում․
Համակարգված թալան, բանդայի ու յուրայինների հարստացում․
Եվ այս ամենը իրականացնող ՝ թշնամի, ազգադավ, հայրենավաճառ իշխանություններ՝ Հայրենիքի սրտում․
հ․գ․ ծափ ծլնգոց,
տաշտլը տմբլը,
տոնածառը դրածա,
հարյուր հազար լամփուշկեն վառած ա»։
Իսկ ահա Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, թե ինչպիսին կուզի տեսնել եկող՝ 2024 թվականը։
Տիգրան Ներսիսյան- Իմ ցանկությունն է, որ 2024-ին մեր երկիրը լինի անվտանգ, ապահով, որտեղ ամեն ինչ հանգիստ է, թշնամու զորքերը չլինեն մեր տարածքներում։ Արցախի հարցը փակված չէ ու փակված չպետք է լինի, ուզում եմ այդ հարցի լուծումը գտնենք։ Սա է կարևոր։
Իմ մաղթանքն է մեր ազգին, հայրենիքն, իմ հայրենակիցներին՝ 2024 թվականը չլինի կորուստների, անկումների տարի, ինչպիսին ունեցանք 2023-ին՝ կորցնելով մեր հայրենիքը՝ Արցախը։ Փափագում եմ տեսնել իմ երկիրն անվտանգ, առաջ գնացող, ազգային արժեքները կրող, բոլորի կողքին կանգնած լինի մեր եկեղեցին, կարողանանք կառուցել մեծ, հաջողակ ու բարգավաճ, ամենակարևորը՝ անվտանգ երկիր։
Panorama.am-Ձեր ցանկությունները ո՞ ր դեպքում կիրագործվեն։
Տիգրան Ներսիսյան-Դա կարող է իրագործվել միայն մի պայմանով՝ այսօրվա իշխանությունները հեռանան, իրենց դիրքերը զիջեն, իշխանության գան ազգային, մտահոգ ուժեր և այս բոլոր հարցերի ուղղությամբ սկսեն աշխատել։ Միայն այս դեպքում է հնարավոր հասնել հաջողության։
Panorama.am- Հնարավոր համարո՞ւմ եք իշխանափոխությունը։
Տիգրան Ներսիսյան-Ոչ թե հնարավոր է, այլ պարտադիր պայման է, պետք է իրականացնել օր առաջ, վայրկյան առաջ։
Panorama.am-Տարին ինչպիսի՞նն էր մշակութային գործիչների համար։
Տիգրան Ներսիսյան-Մշակութային գործիչների համա՞ր... Նայած մշակույթի գործիչ։ Կան մշակույթի գործիչներ, որոնք իրենց համար ստեղծագործում են, իրենց ուրիշ ոչինչ չի հուզում՝ ոչ երկրի վիճակը, ոչ պրոբլեմները։ Կան մշակութային գործիչներ, որոնց համար դա կարևոր է և, բնականաբար, դա անդրադառնում է իրենց գործի վրա։
Մշակույթի գործիչները պետք է արտահայտվեն, կարծիք հայտնեն, խոսեն պրոբեմների մասին, արծարծեն այդ հարցերը։
Panorama.am-Ինչո՞ւ են հիմնականում լռում։ Հաճախ ենք դժգոհություններ լսում, որ մշակույթի գործիչները, որոնց խոսքն ավելի արժեքավոր է քաղաքացու համար, լռում են։
Տիգրան Ներսիսյան-Վախեցած են, կաշկանդված են, մտածում են՝ իրենց խոսքը կարող է խնդիրներ առաջացնել իրենց գործունեության մեջ։ Նման օրինակներ ունենք, որ իրենց նեղում են, արգելքներ են դնում։ Մտածում են՝ արժի արդյոք արտահայտվել, խոսել ու կարծիք հայտնել։ Դա է պատճառը, որ շատերը լռում են, չեն արտահայտվում և արդյունքում ունենք այս պատկերը։
Մշակույթի այն գործիչները, որոնք արտահայտվում են, կարծիք հայտնում, թիրախի տակ են, հարձակման են ենթարկվում։
Panorama.am-Դուք նույնպես քննադատողներից եք։ Ձեզ վրա ճնշում զգացե՞լ եք թատրոնի տնօրինության կամ մշակույթի ոլորտը համակարգող պետական մարմնի կողմից։
Տիգրան Ներսիսյան-Ոչ, ուղղակիորեն չեմ զգացել։ Առաջին հարվածը, որ կրել եմ՝ Հանրային հեռուստաընկերությունն ինձ հետ պայմանագիրը չերկարացրեց։
Դա արվում է թողարկված, չերևացող, որպեսզի ակնհայտ չլինի։
Panorama.am-Բայց, փաստորեն, շատերին լռեցում են այդ ճնշումներով։
Տիգրան Ներսիսյան-Այո, վախենում են, չեն ուզում հարվածի տակ լինել։ Հանգիստ, լոյալ վիճակը, չարտահայտվելը, կարծիք չհայտնելը շատ ավելի կոմֆորտային է։
Ասում են՝ «քաղաքականությամբ չենք զբաղվում»։ Ի՞նչ է նշանակում քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Դու քաղաքացի՞ ես, կարծիք ունե՞ս, կարո՞ղ ես հայտնել քո կարծիքը որպես քաղաքացի։ Քեզ հուզո՞ւմ է քո հայրենիքի վիճակը, այն, ինչ կատարվում է քո շուրջ, քո հայրենակիցների շուրջ։ Ինչպե՞ս կարող է այդ ամենը չհուզի այն էլ մշակույթի գործչին, մտավորականին։ Դա գալիս է միայն նրանից, որ իրենք վախենում են, որովհետև տեսնում ենք, որ այսօր ունենք քաղբանտարկյալներ, մարդիկ, որոնք ճնշումների են ենթարկվում։ Այդ ամենը մեզ հետ ակնհայտ կատարվում է։
Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարցազրույցի որոշ հատվածներ՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյան. Մեր զինվորն ուրիշ է
- Այս սերունդը հոգատարության կարիք ունի. Տիգրան Մանսուրյան
- Միքայել Ոսկանյան. Դրա համար են մեր մշակույթը արտահանողներին բռնում, նստացնում
- Նման իրավիճակում մեր հարգարժան, տարիքով արվեստագետները չպետք է լռեն, իրենք պետք է խոսեն, օրինակ լինեն մեզ. Միքայել Ոսկանյան
- Տիգրան Ներսիսյան. Ոչ ոք չունի և ժողովրդի կողմից չի ստացել մանդատ հանձնելու Արցախը, որոշելու Արցախի ճակատագիրը
- Տիգրան Ներսիսյան. Սրբապիղծ անամոթներ
- Տիգրան Մանսուրյան. Ես չեմ տեսնում իրար բերող, ամբողջացնող ուժը, միտքը կամ ծրագիրը
- Տիգրան Ներսիսյանը՝ Հանրայինի ղեկավարությանը. Նեխած ...-ով բոչկա գտեք ու գլուխներդ մտցրեք մեջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան