Փաշինյանը թվարկել է բանկային համակարգի ռեկորդային ցուցանիշները
«Բանկային համակարգը գործում է առանց քաղաքական ճնշումների միջավայրում: Եվ սա նույնպես մի բան է, որը կարծում եմ, լավ է, որ այդպես է, այդպես էլ պետք է լինի, բայց մյուս կողմից կարծում եմ՝ նաև պետք է արձանագրվի, որովհետև այս նրբությունները, որոնք չեն նկատվում, չեն արձանագրվում, իրենք ֆոն են ապահովում մակրոտնտեսական, ֆինանսական շուկաների կայունության համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Նա նշել է, որ այս ամենին համադրելով տնտեսական բարձր աճի միջավայրը՝ տեսնում են, որ բանկային համակարգը նույնպես տպավորիչ ցուցանիշներ ունի,։
«Մասնավորապես, 2023թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելը ռեկորդային ծավալ է արձանագրել՝ 5 տրիլիոն 619 միլիարդ 277 միլիոն դրամ: Շատ կարևոր է, որ աճը կայուն է և շարունակական: Այս ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է գրեթե 84 մլրդ դրամով, 1,51 տոկոսով, 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշին՝ 13,46 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ ավանդային պորտֆելն, ըստ էության, կրկնապատկվել է՝ աճը 95 տոկոսից ավելի է:
Մեր բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը նույնպես ռեկորդային ծավալ է արձանագրել՝ նոյեմբերի դրությամբ՝ 5 տրիլիոն 365 մլրդ 604 մլն դրամ, որը նորից հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է 2,2 տոկոսով, նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշին՝ 21,3 տոկոսով, իսկ 2018թ. նոյեմբերի ցուցանիշին՝ ավելի քան 57 տոկոսով: Կարծում եմ՝ կարևոր է արձանագրել, որ ընդհանուր ավանդային պորտֆելն ընդհանուր վարկային պորտֆելին գերազանցում է 253 մլրդ դրամով, ինչը բանկային համակարգի կայունության շատ կարևոր երաշխիք է»,-նման թվեր է հրապարակել նա։
Փաշինյանի խոսքով, այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների թվաքանակը կազմել է 4 մլն 442 հազար 950 մարդ, որը 2022թ. նկատմամբ աճ է գրանցել 19,3 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 65,7 տոկոսով:
Սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների հաշիվների ընդհանուր քանակը կազմել է 8 մլն 995 հազար 422, որը 2022թ. նկատմամբ ավելի է 22 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 78 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին