Ադրբեջանն ամենաաղտոտված և ամենաաղտոտող երկրներից է, պետք է բոյկոտել «COP29»-ի անցկացումն այդ երկրում․ փորձագետ
Կլիմայի փոփոխության հաջորդ բարձրաստիճան կոնֆերսանը, որի համար հայտ էր ներկայացրել նաև Հայաստանը, բայց գերիներին վերադարձնելու պայմանով, մեր երկիրը հայտը հետ վերցրեց։ Panorama.am-ի հետ զրույցում բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ սա քաղաքական ճնշում է և հանրությունը պետք է բոյկոտի՝ գոնե Ադրբեջանում համաժողովը չանցկացնելու մասով։
«Իհարկե, մեր երիտասարդների կյանքն ավելի կարևոր էր։ Նրանք ամեն մեկը մի տան ճրագ են, բայց, եթե քաղաքական առումով մեր Կառավարությունը ճնշման տակ է, ապա մեր հանրությունը պետք է իր խոսքն ասի, նաև՝ միջազգային հանրությունը»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որպեսզի բնահապանական ամենամեծ միջոցառումն անցկացվի մթնոլորտն ամենից շատ աղտոտող երկրում։
«Ադրբեջանը կլիմայի փոփոխության առումով ամենաաղտոտված և ամենաաղտոտող երկիրն է։ Գազի ու նավթի անվերահսկելի արտանետումնեն ուղղակիորեն բացասական են ազդում կլիմայի վրա։ Բացի այդ, Ադրբեջանն ագրեսոր երկիր է, չպետք է մոռանալ, որ նրանք պատերազմի ընթացքում կիրառեցին անթույլատրելի ֆոսֆորային զենք՝ այրելով անտառները։ Երրորդ գործոնն այն է, որ այդ երկիրը փակ երկիր է և ոչ բոլորը կարող են մասնակցել։ Օրինակ՝ ես, ՄԱԿ-ի միջազգային փորձագետ լինելով և աշխատում եմ բոլոր կոնվենցիաների արձանագրությունների վրա, որպես փորձագետների խմբի անդամ, փաստորեն, Ադրբեջան չեմ կարող գնալ, որովհետև նրանք իմ անվտանգությունը չեն ապահովելու։ Այս ամենը հաշվի առնելով, պետք է բոյկոտել «COP29»-ի անցկացումն Ադրբեջանում։ Հանրությունն ուժ է, մեր երկրում իսկապես միշտ ուժ է եղել, պետք է կազմակերպել այդ բոյկոտը։ Մենք գրել ենք այդ մասին, բայց պետք է բոլոր հարթակներն օգտագործել այս խնդրի մասին խոսելու համար»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով․ «Մենք պետք է պայքարենք, որ թող լինի ցանկացած այլ երկրում, բայց ոչ Ադրբեջանում կամ էլ, եթե հնարավոր է որոշումը փոխելու, ապա բոյկոտի արդյունքում պետք է քիչ մարդ մասնակցի»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին 32 հայ ռազմագերի վերադարձան հայրենիք։ Ինչպես ավելի վաղ պաշտոնապես տեղեկացրել էին Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, որին ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: